Զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորված 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը: Արթուրը վիրավորվել էր հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի պահպանության տեղամասում, հոսպիտալ հասցվել ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած բժիշկների ջանքերին, զինվորի կյանքը փրկել չի հաջողվել:

Անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանին, նաեւ այսօր ցերեկը պահպանվել է հարաբերական անդորր։ Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը տարբեր ուղղություններով խախտել է 6 անգամ:

Այս փորձությունից  դուրս ենք գալիս հաղթանակած եւ վստահ մեր ուժերի եւ մեր ժողովրդի տոկունության վրա, բայց մեզ անհրաժեշտ է նաեւ որոշակի հետեւություններ անել,  Տավուշի սահմանին ծավալված մարտական գործողությունների մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ներկայացրել 7 կետ, որոնք արտահայտում են Հայաստանի դիրքորոշումը։ Փաշինյանը նշել է նաեւ, որ բանակցությունները պետք է լինեն իմաստալից, իսկ դրանք իմաստ կունենան, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի փոխզիջման: Առանց որեւէ սահմանափակման պետք է ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Երրորդ պետություններն էլ պետք է իմանան, որ իրենց վաճառած զենքն ուղղվում է խաղաղ հայ բնակչության դեմ, սահմանին ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս, ասել է նա: Եվս մեկ կարեւոր կետ, որին արձագանքել է ընդդիմությունը․ Փաշինյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ, որը կարձանագրի, թե երբ եւ որ կողմն է խախտել հրադադարը: Ընդդիմադիրները նշել են, թե դա ակնհայտորեն վերադարձ է Ապրիլյան քառօրյայից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ պայմանավորվածություններին, որոնք Փաշինյանը, նրանց խոսքով 2018-ին «ջրել էր»։ Նաեւ վերադարձ՝ Արցախի հետ համափպարփակ փաստաթուղթ ստորագրելու օրակարգին։ Ընդհանրապես, ընդդիմությունը համարում է, որ Հայկական բանակի հաղթանակներին զուգահեռ ձախողումներ են արձանագրվել արտաքին ճակատում, եւ օրինակ բերում ԱՄՆ կոնգրեսի ակնհայտ հակահայկական բանաձեւը։

Կառավարությունը Տավուշի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու նպատակով հատկացրել է 25 մլն դրամ։ Անհրաժեշտ գումարի իրական ծավալը շատ ավելի մեծ է,- նշված է կառավարության որոշման նախագծում։

Թուրքիայի Անվտանգության խորհուրդն աջակցել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: Անկարայում նախագահ Էրդողանի անցկացրած նիստի արդյունքներով  հռչակագրում բառացիորեն նշված է․ «Թուրքիան աջակցում է ցանկացած որոշման, որը եղբայրական ադրբեջանցի ժողովուրդը կընդունի իր արդարացի պայքարում»:

Ամերիկացի հայամետ կոնգրեսականներն էլ շարունակում են դատապարտել Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը։ Ներկայացուցիչների պալատի նիստում կոնգրեսական Ջիմ Կոստան հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ քաղաքացիական բնակչությանը գնդակոծելու, հայկական դպրոցներն ու մանկապարտեզները թիրախավորելու համար: Ես Ադրբեջանի խայտառակ արարքները դատապարտող անհապաղ գործողությունների կոչ եմ անում, ասել է Ջիմ Կոստան։ Նա, ի դեպ, Կոնգրեսի հնաբնակներից է, պարբերաբար ընտրվում է Ֆրեզնոյից, հայերի հետ ծանոթանալիս էլ կատակում՝ «Իմ անունն Արամ է եւ ես Սարոյանի քաղաքից եմ»։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել hraparak.am կայքում տեղ գտած գեներալ –լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանի հարցազրույցի առիթով, որտեղ վետերանն իբր ասել է, թե այն դիրքերը, որոնք վերջին օրերին վերցրել ենք, մերն են եղել, իսկ Սեյրան Օհանյանի նախարար եղած ժամանակ թուրքը վերցրեց: Օհանյանը hraparak.am-ից պահանջել է հերքել եւ կայքից հեռացնել զրպարտանք պարունակող նյութը։ «Պնդում եմ՝  իմ ղեկավարության տարիներին Հայաստանի սահմանային դիրքերն անընդհատ բարելավվել են, միջդիրքային տարածություններում առաջ քաշվել», գրել է նախկին նախարարը:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ իրեն պատվի է առնում Լիբանանում խաղաղապահ առաքելությամբ գտնվող իտալացի գեներալը։ Արձագանքելով ԱԻՆ աշխատակցի՝ իրեն պատվի առնելուն ուղղված քննադատություններին, նա նշել է, որ դա հյուրին դիմավորելու զինվորական պատշաճ ձեւ է։ «Կնոջը աստվածացնել կենացների ժամանակ, բայց իրական կյանքում հարգանքի փոխարեն իր «տեղը» ցույց տալ․ սա է այն ամբողջ խառնաշփոթի էությունը, որ առաջացել է ԱԻՆ-ի փրկարարի՝ ինձ զինվորական պատիվ տալու շուրջ», գրել է նա:

Փարատվել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ վերջին շրջանում հանրության աչքին չերեւալու շուրջ լրատվամիջոցների կասկածները։ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված  գրությամբ տեղեկացրել է, որ  դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից:

Կուսակիցները զարմացած են Բագրատյանի այս քայլից։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը NEWS.am-ին ասել է, որ ոչ մի խնդիր չի եղել եւ Սերգեյ Բագրատյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու պատճառների մասին տեղյակ չէ: Նրա քայլն անսպասել է եղել կուսակցության համար․ «Ոչ մի նախադրյալ ընդհանրապես չկար», ասել է Աբովյանը։

Շարունակում են բողոքները բարձր միավորներով բուհ չընդունված դիմոդրների հարյուրավոր ծնողները։ Նրանք այսօր հանդիպելու հնարավորություն են խնդրել արչապետի հետ եւ մերժում ստացել։

Ինչպես նախորդ օրերին ծնողներին նորից ոստիկանական կարգախմբեր են մոտեցել եւ պահանջել դադարեցնել հավաքները, վկայակոչելով պարետի արգելքը։ Ծնողներն էլ պնդել են, թե հավաք չեն անում եւ հետաքրքրվել, թե ուրիշ ինչ կերպ կարող են պաշտպանել իրենց զավակների՝ սովորելու իրավունքը։

Դիմորդների հարազատները պատճառաբանում են, թե իրենց նորմալ չեն իրազեկել նոր՝ մեկ քննությամբ կարգով ընդունվելու սահմանափակումներին, ինչի հետեւանքով բարձր միավոր հավաքածը չի կարող փոխել ֆակուլտետը։ Այդ ամենում նրանք մեղադրում են նախարարությանն ու դրա ղեկավարին։

Նախարարը չի տիրապետում իր պաշտոնին եւ պետք է օր առաջ հեռանա, ասել են դիմորդների հարազատները, նաեւ նշել, որ չեն զարմանում, որ խնդրին անհաղորդ է մնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Չընդունված դիմորդների ծնողները շարժվել են կրթության նախարարություն, որի մոտ եւս ոստիկանները թույլ չեն տվել նրանց կանգնել, այնուհանդերձ նրանք նամակ են հանձնել ուղղված Արայիկ Հարությունյանին։ Փոխնախարարներից մեկը ծնողնրին ասել է, թե որոշ հարցեր կպարվեն եւ խնդրին որոշակի լուծումներ կտրվեն։ 

Բոլորը գիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ն չավարտելու պատմությունը, բայց քչերը գիտեն, թե ինչպես է նա ընդունվել, Ֆեյսբուքում գրել է Մայր բուհի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը եւ բացահայտել Փաշինյանի կյանքի այդ դրվագը․ «1991-ի ամռանը բավարար գնահատականներ ստացած, բայց չընդունված դիմորդները սկսեցին կառավարության դիմաց նստացույց անել, ինչից հետ վարչապետ Վազգեն Մանուկյանի հրամանով, բավարար գնահատականներ ստացած, բայց չընդունված դիմորդները հրամանագրվեցին որպես ուսանողներ։ Նիկոլ Փաշինյանն այդ ուսանողներից մեկն էր», գրել է Էմին-Տերյանը:

Քաղաքագետ Արա Վարդանյանը համոզված է, որ արտակարգ դրությունը եւ հավաքների արգելքը իշխանությունը կձգի մինչեւ տարեվերջ։ Իսկ Մարգարիտա Սիմոնյանի հայտնի գրառումն, ըստ նրա, Հայաստանի իշխանության երկու տարվա հետեւողական աշխատանքի արդյունքն էր։ Հայաստանում կան առողջ ուժեր, որոնք Ռուսաստանի հետ համագործակցում են: Կասկած չունեմ, որ թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը այն մարդիկ են, որոնց շնորհիվ դեռեւս այդ կապը կա, դեռեւս պահպանվում են բարիդրացիական հարաբերություններ», ասել է Վարդանյանը:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 469 նոր դեպք է գրանցվել: Հուլիսի 23-ին հաստատվել է 36162 դեպք: Այս պահին բուժվում է 10 հազարից քիչ ավելի մարդ:

COVID-19-ից մահացածների թիվն ավելացել է 10-ով եւ հասել 688-ի։

Կառավարությունը որոշել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել ԵՊՀ-ի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, դատախազության նախկին ավագ քննիչ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Ավետիսյանը պարզաբանել է, որ իրեն տեղյակ չեն պահել, որ պետք է ելույթ ունենա, խոստացել ավելի հանգամանալից խոսել ԱԺ նիստում։ Ըստ մամուլի՝ Վահրամ Ավետիսյանի հորը՝ Դավիթ Ավետիյանին դատական համակարգում շատ լավ են ճանաչում։ Նշվում է, որ նրա հսկողության ներքո էին Սերժ Սարգսյանի օրոք կայացվում քրեական գործերով բոլոր դատավճիռները։ 2008-ից նա Վճռաբեկի քրեական պալատի նախագահն է եղել։ Քրեական արդարադատության ոլորտը հնազանդեցնելու, նախագահականից կառավարելու գործընթացը հենց Դավիթ Ավետիսյանն է իրականացրել, նաեւ մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների դատավճիռները։ Հիմա, գրում է մամուլը, նրա որդին իրականացնելու է Փաշինյանի «սահմանադրական արդարադատությունը»՝ Հրայր Թովմասյանի եւ Ֆելիքս Թոխյանի փոխարեն։

Հանրային աղմուկի կիզակետում է նաեւ կրթության նախարարության հրապարակած նոր չափորոշիչը։ Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը ԿԳՄՍ նախարարությանը  հորդորել է դադարեցնել Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի հանրային քննարկումը և չեղարկել նախագիծը՝ նկատի ունենալով շարադրանքի աղաղակող լեզվական սխալներն ու անտրամաբանական ձևակերպումները, բովանդակային անլիարժեքությունն ու թերացումները եւ այլն։  ԵՊՀ ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանն էլ  ապուշություն  է որակել «Գրականություն» առարկայի նոր ծրագրի եւ չափորոշիչները։ Հայ գրականություն առարկայից հանվել է հայ բառը, իսկ բովանդակությունից դուրս են մնացել Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին, Շնորհալին եւ այլ հայ մեծեր։

Հուլիսյան դեպքերի օրերին գնդակոծված Տավուշի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տոն է։ Դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին եռյակ է լույս աշխարհ բերել։ «Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավուշ աշխարհի համար», - լուրը հայտնել են դպրոցից։

Հաջորդ տարի լեգենդար «ABBA»-ն հինգ նոր երգեր կթողարկի։ Այս մասին հայտնում է The Independent-ը՝ վկայակոչելով երաժշտական խմբի մասնակից Բյորն Ուլվեուսի խոսքերը։ Երգերը պետք է թողարկվեին դեռ անցած տարի, սակայն գործը հետաձգվել է համավարակի պատճառով, ասել է նշանավոր երաժիշտը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.03 դրամով եւ կազմել 485.19 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.74 դրամով ու հասել  562.43 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.88 դրամով ու հասել 617.60 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով  ու կազմել  6.82 դրամ։

Հայաստանում հուլիսի 24-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Տեղ-տեղ կարկուտ կտեղա։ Օդի ջերմաստիճանն էականորեն չի փոխվի: Երեւանում եւս գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +19+21, վաղը ցերեկը՝ +28+30 աստիճան։