Վարչապետի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրով կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Ըստ հաղորդագրության՝ կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։ Սանամյանն, այդպիսով, դարձավ Հայաստանի 18–րդ Ազգային հերոսը։ Ի դեպ, 2012 թվականին էլ նա պարգեւատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության ու խիզախության համար պետական պարգևների են աժանացել ևս 199 զինծառայողներ:
Ազգային հերոսի կոչման արժանացած կապիտան Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խումբը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ: Ըստ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ չխնայելով սեփական կյանքը, խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում իրականացրել է վտանգավոր ինժեներական աշխատանք, ճշգրիտ վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը:
Մարալիկի ծննդատան աշխատակիցները 7 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել. դիմել են մարզպետին, տարածքային կառավարման ու առողջապահության նախարարներին։ Այստեղից ասել են, որ հանձնաժողով պետք է գար, բայց կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է այդ գործը։ Դիմել են վարչապետին, արձագանք չկա։ Ըստ բուժաշխատողների՝ առողջապահության նախարարությունը ծննդատունը չի լուծարել, բայց չի էլ ֆինանսավորում։ «Ամեն երեխայի ծննդի համար պետությունը 140 հազար դրամ է տրամադրում, որը բուժհիմնարկ չի փոխանցվում: Ինչու վարչապետը չի հետաքրքրվում Մարալիկով, կողքի գյուղերով: 17 գյուղ սպասարկող ծննդատունը արհեստական պարապուրդի է մատնված ու մարդիկ ստիպված գնում են ուրիշ բուժհիմնարկներ»,- ասել են նրանք։
Խաշթառակ գյուղում հարազատ պապից մանկահասակ թոռներին դաժան ծեծի ենթարելու դեպքով նորանոր մռայլ մանրամասներ են պարզվում. ձերբակալվածի 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար ձեռքով, ոտքով, փայտով եւ այլ առարկաներով ծեծել է իր 5 երեխաներին, նաեւ իրենց հետ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիներին: Երիտասարդ կինը նույնպես ձերբակալվել է:
Խաշթառակից սուր թունավորմամբ «Իջեւան» բուժկենտրոն է տեղափոխվել 5 երեխա։
Ոստիկանները պարզել են, որ երեխաները նույն ձերբակալվածի մյուս թոռներն են, նրանցից երկուսը, հիշեցնեմ, արդեն երեւանյան հիվանդանոցում են։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մյուս 5 թոռներին եւս տեղափոխել են Երեւան։ Փաստորեն՝ այս պահին ձերբակալվածի բոլոր 7 թոռներն էլ հիվանդանոցներում են։
Նրանցից 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռեւս վտանգ է սպառնում: «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար: Մյուս՝ 4-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա, առկա է գանգային արյունազեղում։ Երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են: Պարզվել է, որ պապը փայտով ծեծել է թոռներին՝ իր բաժին ձմերուկն ուտելու համար։
Անցած գիշեր Մրգաշատ գյուղում փլուզումից 32-ամյա տղամարդ է մահացել։ Պարզվել է, որ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի նկուղում շինարարության ընթացքում 6 քառ մ բետոնե պատը փլուզվել է այնտեղ աշխատող երիտասարդի վրա, որը տեղում մահացել է։
Լրագրող-հաղորդավար Գարիկ Հարությունյանը հրապարկել է իր և ընտանիքի մյուս անդամների կյանքը փրկած բժիշկների լուսանկարները։ «Այս մարդկանց շնորհիվ մենք հիմա ողջ ենք ու գրեթե առողջ։ Օրեր առաջ այս մարդիկ միանգամից երեք վիրահատություն էին անում` դանակահարությունից հետո հորս, եղբորս ու ինձ փրկելու համար։ Լրագրողը պատմել է, որ իրենց բոլորին դանակահարել է հարեւանը։ «Մեր, ու նաև բազմաթիվ այլ մարդկանց, ընտանիքների կյանքը անվտանգ է քանի դեռ այդ մարդը մեկուսացված է», նշել է նա։
Ազատամարտիկ, «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը NEWS.am-ին հայտնել է, որ նա սուր ինֆարկտ է տարել։ Դրա հետեւանքով թոքերի եւ երիկամների հետ խնդիր է առաջացել։ Վիճակը կայուն ծանր է»,- ասել է փաստաբանը։ Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի համար մեղադրողը պահանջել է 9 տարվա ազատազրկում։
Իրավիճակն Ամուլսարում կեսգիշերին գերլարված է եղել։ Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում նշված է. «Մինչ Ամուլսարի պահապանների մի մասը Երևան էր եկել, հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել են, ու այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք։ Ոստիկանները Լիդիանի տեխնիկան են պաշտպանում»:
Ամուլսարի պահպանության Երևանում կայացած քայլերթի ժամանակ Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը հայտարարել է, թե «Լիդիանի» պահնորդները ճամփեզրին կայանած մեր մեքենաները ձեռքով հանել, շպրտել են՝ հրահրելով բախում պոստում կանգնած մեր քաղաքացիների հետ: Ըստ նրա՝ պահնորդներն անգամ հարվածել են մի քանիսին:
Ճափեզրին կայանած КАМАЗ-ը, կմնա այնտեղ և կփոխարինի մեր մեքենաներին, ավելի ուշ հայտնել է Շիրակ Բունիաթյանը։ «Երեկ ասացինք հետ տարեք, չօգտվեցին մեր բարությունից։ Հիմա էլ մենք թույլ չենք տալու, որ տանեն»,- գրել է նա։
Սեւան-Երեւան մայրուղին երկկողմանի փակ է. ձկնորսները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դժգոհում են սիգի որսի արգելքից։ Ակցիայի մասնակիցների հետ բանակցում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող եղեգնուտցիները վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին դիմում-պահանջ ներկայացրին, որտեղ նշել են, իրենց բնորոշմամբ՝ Արմավիրի մարզպետի սադրանքները, համայնքի նախկին ղեկավարի թալանի վերաբերյալ դրվագներ։ Նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանին պաշտոնանկ անելու նախկին մարզպետի որոշումը դատարանը չեղյալ է հայտարարել։
Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 477-ի: Մեկ օրում մահացել է 8 վարակակիր, որոնցից 2-ը այլ հիվանդությունից։ Մահերի ընդհանուր թիվը հասել է 1095-ի: Արցախում վարակման նոր դեպքեր չեն գրանցվել։
Արմավիրի դատարանը 7 ամսվա ազատազրկման է դատապարտել փետրվարին Թուրքիայից Ախուրյան գետով Հայաստան փախած ռուս ձախորդ զբոսաշրջիկին։ Անթալիայում, կնոջ հետ հանսգտանալիս, ինչ-որ կանայք են մոտեցել, մեկը հպվել է իրեն ու հեռացել։ Գիշերը նրան բերման են ենթարկել, ասել, թե քրեական գործ է հարուցված եւ նա Թուրքիայի տարածքը չի կարող լքել։ Դիմել է ռուսական դեսպանատուն, նրա խոսքով՝ ոչնչով չեն օգնել, իր վարձած փաստաբանն էլ ասել է, թե նրան սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում, նաեւ զգուշացրել, որ նրան բանտում ողջ չեն թողնի։ Ալան Պարկերի հայտնի ֆիլմն աչքի առաջ, նա որոշել է փախչել, եւ մարդիկ է վարձել, որոնք իրեն հասցրել են հայ–թուրքական սահման։ Գեորգի Կաբիոկովն իր դատավճռից դժգոհ չէ, մեկ ամիս էլ կմնա կալանավայրում ու կմեկնի տուն։
Ռուս արմատական ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում, գիտակցություն չունի, միացված է արհեստական շնչառության սարքին։ Չնայած Նավալնիին բուժելու Գերմանիայի պատրաստակամությանը, Օմսկի հիվանդանոցում անհնար են համարել Նավալնու տեղափոխումն անգամ ազգականների պատասխանատվությամբ։ Հիշեցնենք, որ Տոմսկից Մոսկվա ուղեվորվելիս, Նավալնին հայտնվել է կոմայում, ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում եւ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։
Նավալնու կինը՝ Յուլիա Նավալնայան, հայտնել է, որ տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է նյութ, որով թունավորել են ընդդիմադիրին։ Ըստ Օմսկում Նավալնու շտաբի՝ այդ նյութը վտանգավոր է շրջապատողների կյանքի համար։ Այժմ մերժում են Ալեքսեյին կնոջը տալ, քանի որ ցանկանում են, որ նյութը նրա օևրգանիզմից անհետանա։ Հիվանդանոցից հայտարարել են, որ Նավալնու արյան մեջ թույն կամ դրա հետքեր չեն հայտնաբերվել։
Կրթության նախարարությունը ուղեցույց է հրապարակել, ըստ որի դպրոցներն են ապահովելու դիմակներ, ախտահանիչ միջոցներ, անձեռոցիկներ՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստով։ Դպրոցներում արգելվում են զանգվածային միջոցառումները, երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակների գործունեությունը։ Բացառվում է դպրոցի անձնակազմի մուտքը հաստատություն առանց դիմակի եւ ջերմաչափման։ Դասարանում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է, բոլորը պետք է միմյանցից 1,5 մետր հեռու լինեն: Դասերը կարող են անցկացվել բացօթյա տարածքում։ Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ: Սովորողներին գրատախտակի մոտ կանչելն արգելվում է, տետրերը նույնպես, գրավոր աշխատանքը պետք է անել թերթիկների վրա: Արգելվում է նաեւ բուֆետների և ճաշարանների աշխատանքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն Ինսթագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել դստեր հետ և վերնագրել․ «Արփի ու մամա»։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.33 դրամով ու հասել 485.05 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.77 դրամով ու կազմել 572.94 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 2. 57 ու հասել 638.62 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով ու կազմել 6. 53 դրամ:
Օգոստոսի 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպ, հնարավոր է՝ նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով։ Երևանում եւս առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ: Վաղը ցերեկը մայրաքաղաքում կլինի 22-24 աստիճան տաքություն, գիշերը՝ 16-18 աստճան զրոյից բարձր։











