ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թեոդորա Ֆիրենսն մայիսի 15-19-ին կարճատեւ այցելություն է կատարել Հայաստան եւ մասնակցել Երեւանում կայացած փախստականների բնակարանային ապահովության հարցերին նվիրված միջազգային համաժողովին:
Նա հանդիպումներ է ունեցել երկրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հիմնական գործընկերների ներկայացուցիչների հետ՝ այդ թվում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի եւ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի հետ:
Հայաստանի փոխվարչապետի հետ հանդիպման ընթացքում, նա կարեւորել է Հայաստանում անցկացվելիք մարդահամարը, քանի որ մարդահամարի արդյունքում ստացված տվյալներն են թույլ տալու ճիշտ քաղաքականություններ մշակել երկրի զարգացման համար:
Այցելության շրջանակներում Տ-ն Ֆիրենսը տեղում ծանոթացել է ՄԱԲՀ օգնությամբ ստեղծված շրջիկ գինեկոլոգիական ծառայության թիմերից մեկի աշխատանքներին Արարատի մարզի Ավշար գյուղում, ինչպես նաեւ այցելեց ՀՀ ԱՆ պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական կենտրոն:




























