Օրվա թեմաները. Ռուբեն Մելիքյան, Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան, Նաիրա Զոհրաբյան, Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Վիտալի Բալասանյան, Հենրիխ Մխիթարյան։ Ընդդիմության ցույց, վարչապետի հրաժարականի պահանջ, ԱԺ արտահերթ նիստի պահանջ, երրորդ նախագահին հրավեր՝ ԱԱԾ-ից, կորոնավիրուսի վիճակագրություն։    

Մատենադարանի մոտից ժամը 17-ին սկսվել է ընդդիմության երթը վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով....

Երեկ ուշ երեկոյան եւ գիշերն ընդդիմության մի քանի առաջնորդների ձերբակալելուց հետո իրավապահներն այսօր շարունակել են ձերբակալությունները։ Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները ՀՅԴ գրասենյակից բերման են ենթարկել Արծվիկ Մինասյանին ու եւս մի քանի հոգու, որոնց մեջ էին նաեւ «Հայրենիքից» Արսեն Բաբայանն ու «Ազգային օրակարգից» Արա Հակոբյանը: Նրանց ավելի ուշ ձերբակալել են։

Հատուկ քննչական ծառայությունը հրապարակել է ձերբակալվածների ցուցակը, նշելով, որ նրանք մեկուսարանում են սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ. Գագիկ Ծառուկյան, Գառնիկ Իսաղուլյան, Սուրեն Սուրենյանց, Գեղամ Մանուկյան, Դավիթ Համբարձումյան,

Արա Սահակյան, Արթուր Վանեցյան, Էդուարդ Շարմազանով, Արթուր Ղազինյան,

Իշխան Սաղաթելյան: Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը կասկածյալներ են։

Արդեն առանց առաջնորդների՝ այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երեկոյան հավաքվել են մատենադարանի տարածքում, ապա երթով գնացել ԱԱԾ, որտեղ պահվում են ձերբակալված քաղաքական գործիչները, ապա կրկին երթով գնացել Ազատության հրապարակ, որտեղ ավարտել են բողոքի խաղաղ ակցիան։ Այդ ամբողջ ընթացքում Մաշտոցի պողոտայում մեծ թվով ոստիկանական ուժեր կային ավտոբուսներով, որոնց այնտեղ գտնվելու նպատակը պարզ դարձավ, երբ հանրահավաքը ավարտելու մասին հայտարարարելուց հետո, երբ քաղաքացիներն արդեն հեռանում էին, ոստիկանները հանկարծ պատ կազմեցին և սկսեցին բերման ենթարկել ում պատահի, շատերին՝ բռնի ուժ գործադրելով։

Այսօրվա հանրահավաքում ամենաանսպասելին նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ներկայությունն էր։ Հեղափոխությունից հետո Փաշինյանի օրոք գեներալի կոչում ստացած Օսիպյանն ասել է, որ ժողովրդի կողքին է, նույն պահանջներով, նույն մտահոգություններով։ Քաղաքական հարցերի նա հրաժարվել է պատասխանել, սակայն ասել է, որ ոստիկանապետ եղած ժամանակ ստացել է ապօրինի հրամաններ, որոնք հրաժարվել է կատարել։

Խուսափելով ներկայանալ Ազգային ժողով և չկատարելով պատգամավորական մանդատով ստանձնված պարտականությունները, «Իմ քայլի» պատգամավորները դրժում են տված երդումը՝ խորացնելով և լարելով երկրում տիրող դրությունը, քանի որ պրոցեսներն այսպիսով գնում են ոչ թե իրավաքաղաքական, այլ քաղաքացիական անհնազանդությունների միջոցով, Ֆեյսբուքում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ավելի ուշ Մարուքյանն ավելացրել է. «Իմ քայլը» դաշինքը, որպես պառլամենտական կառավարող մեծամասնություն, հրաժարվում է լինել իշխանություն, հետևաբար այս պահին իշխանություն չունենք: «Թուրքին պարտված առաջնորդը պետք է հեռանա։

Հայ ազգն արժանի է ունենալու նոր մտածողությամբ ու բարձր պատասխանատվությամբ նոր առաջնորդ», նշել է նա։

«Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ խոստովանել են, որ տեղյակ չեն եղել խմբակցության անունից տարածած հայտարարությանը, որում նախ ասվում էր, որ չեն պատրաստվում գնալ ԱԺ, այսինքն՝ աշխատանքի և խմբակցությունը չի մասնակցելու Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի: Թագուհի Թովմասյանն ու Շիրակ Թորոսյանն ասել են, թե նոր են վերադարձել Արցախից եւ տեղյակ չեն հայտարարությունից, Սոֆիա Հովսեփյանն էլ  գրել  է, որ տեքստի առաջին մասին է ծանոթ, «մնացածը՝ հավելվել է, որին ծանոթ չէ և ինչպես հասկացել է՝ նաեւ մեծ մասը: «Իմ քայլից» Նարեկ Զեյնալյանը հավաստիացրել է, թե բոլոր պատգամավորները մասնակցել են տեքստի մշակմանը:

«Իմ Քայլը» խմբակցության հայտարարությունը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ, նշված է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ Ազգային Կոնգրեսի» հայտարարությունում։ «Նաեւ ակնհայտ է,  որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` իբրև–թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում», գրել են ՀԱԿ-ի ղեկավարները։

Ի դեպ, այսօր երեկոյան համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի դարպասները, որոնք թավշյա հեղափոխությունից հետո բացվել էին քաղաքացիների համար, զոդելով փակում են։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են փակում Ազգային ժողովի դարպասները, ինչին ի պատասխան նա ասաց, որ նոյեմբերի 10–ի հանրահավաքի ժամանակ դարպասները կոտրվել են եւ այժմ վերանորոգվում ու ամրացվում են։ Այնուամենայնիվ, այցելելով ԱԺ, NEWS.am–ի նկարահանող խումբը ֆիքսել է, որ ԱԺ դարպասները ներսից մետաղյա ձողով զոդելով փակել են, ինչը նշանակում է՝ այդ դարպասներից այգի մուտք գործել այլեւս հնարավոր չէ։

Մամուլում շրջանառվող երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հրաժարականի թեմայով «Հրապարակ» թերթը գրում է, որ նա  հարավում ստեղծել էր պլացդարմ, հավաքել զորախումբ, զինամթերք եւ օրեր շարունակ խնդրել է, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը թույլ տա իրեն՝ կտրել ադրբեջանական բանակի թիկունքը: «Դա եղել է Շուշիի հանձնումից մի քանի օր առաջ, եւ այդ մասին կիսատ-պռատ հայտարարություններ են արել նաեւ տարբեր անձինք, բայց քանի որ եղել է կոնկրետ ծրագիր՝ հանձնելու Շուշին, որովհետեւ Շուշիի հանձնումից հետո միայն կարող էին նման պարտվողական համաձայնություն կնքել, ուստի նրան թույլ չեն տվել», գրել է թերթը:

Իր հերթական ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե չստորագրեր հայտնի համաձայնագիրը, ապա շրջափակման մեջ կհայտնվեր ու կզոհվեր եւս 20 հազար զինվորական, այսինքն ստիպված է եղել գնալ այդ քայլին։ Ըստ նրա՝

ստեղծվել է իրավիճակ, երբ զինվորը որեւէ կերպ չէր կարող ազդել դեպքերի հետագա ընթացքի վրա, եւ արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի։

Փաշինյանն ասել է, որ փաստաթուղթը չի քննարկել ժողովրդի հետ, քանի որ մեր զորքի շրջապատման հնարավորության մասին  կիմանար թշնամին։ Փորձագետները հիշեցրել են, որ նույն փաստաթղթից ուներ նաեւ Ալիեւը, բացի այդ, օրինակ, Ջաբրաիլի գործողությունը դեռ ընթացքի մեջ, վարչապետն արդեն լայվով պատմում էր այդ մասին։

Առավոտյան հանդիպել են  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

«Վերադարձրեք Հադրութը» վանկարկումներով մի խումբ հադրութցիներ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանց դիմավորել է  դեսպան Ժոնաթան Լաքոտը, վստահեցրել, որ դեսպանատունը միշտ բաց է արցախցիների համար, եւ ինչպես նրանք, այնպես էլ իրենք մի շարք հարցեր ունեն ստորագրված փաստաթղթի վերաբերյալ։ «Մենք աջակցելու ենք այն մարդկանց, որոնք տուժել են։ Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է ունենալու Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Ֆրանսիան չի ստորագրել այդ փաստաթուղթը, բայց նախագահ Մակրոնն ասել է, որ այն ինչ կատարվել է, պետք է ներկայացնի նաեւ Հայաստանի շահը»,- ասել է դեսպանը։

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Զինված ուժերի ԳՇ պետ Ինիկ Գասպարյանի հետ, քննարկել առաքելության մանրամասները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Կողմերը քննարկել են խաղաղապահների տեղակայման, Լաչինի միջանցքում եւ Լեռնային Ղարաբաղում դիտակետերի տեղադրման, ինչպես նաեւ անվտանգությանն առնչվող հարցեր:

Թուրք խաղաղապահների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն անհնար է առանց Երեւանի եւ Բաքվի համաձայնության, սակայն այդ հարցը չի քննարկվել, այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի կրկին հայտարարել է, որ թուրք զինծառայողները ռուդների հետ միասին կմասնակցեն խաղաղապահ առաքելությանը Լեռնային Ղարաբաղում:

Բաքվում կայացած ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ նոյեմբերի 13-ին ռուսական պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման հարցը։

Թուրք դիտորդների շարժունակությունը կսահմանափակվի այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կորոշվեն Ադրբեջանի տարածքում ստեղծվող ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի տեղակայման համար, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ղարաբաղին ոչ մոտ տարածքում հավելյալ կհամաձայնեցվի համատեղ մոնիթորինգի կենտրոն հիմնելու համար», ասել է նա, ավելացնելով, որ այդ  մասին հուշագիր են ստորագրել Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները: Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի, շեշտել է նա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին։ Ըստ հրամանի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու է Դաշնության ԶՈՒ մինչեւ 1960 անձնակազմով զինվորական կազմավորում՝ 5 տարի ժամկետով հետագա հնգամյա ժամկետներով դրա տեղակայման ավտոմատ երկարաձգմամբ, եթե մինչեւ այդ Ադրբեջանը եւ Հայաստանը չհայտարարեն համաձայնության պահպանումը դադարեցնելու մտադրության մասին։ Խաղաղապահները տեղակայվելու են Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով։

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտարարել է, որ պատերազմի ժամանակ զսպում էր իրեն եւ չէր հրապարակում, որ կռիվների առաջին օրերին իշխանությունները քառակի թանկ, 2 Իլ-76 օդանավ են գնել երկրի գրպանից թալանելով 6 մլն դոլար։ «Ես տեղեկացրել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող խենթի օգնականին եւ քպ-ական մի փոխնախարարի, որ մինչեւ պատերազմի ավարտը կլռեմ, որ պառակտում չմտցնեմ, բայց այդ թալանողները դրանից ավել ժամանակ չունեն: Ես հայտարարում եմ վարչապետի պաշտոնը զավթած նիկոլ փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող տիգրան ավինյանի տնտեսական հանցագործությունների իմ ունեցած բազմաթիվ փաստերի մասին՝ սկսված 2019-ին Եգիպտոսում հայ զբոսաշրջիկներին հայրենիք վերադարձնելու համար նախատեսված գումարի մեծ մասի թալանից:

Ամերիկահայ երգչուհի Շերը, որն ավելի վաղ Արցախի հարցում Փաշինյանի «ցավոտ զիջումների» համար մեղադրել էր Դոնալդ Թրամփին եւ Ռեջեփ Էրդողանին, տեսուղերձ է հղել, որում ԱՄՆ-ին կոչ է անում քայլեր ձեռնարկել Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ։ Հոլովակը հրապարակել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 2132 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 112680-ի: Մեկ օրում մահացել է 43 վարակակիր, նրանցից 11-ը այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 2098 է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.82 դրամով ու հասել 495.58 դրամի:  Եվրոյի փոխարժեքն աճել է 1.81 դրամով ու հասել 585.28 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.73 դրամով  ու կազմել 653.37 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով  ու կազմել 6.45 դրամ:

Նոյեմբերի 13-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +2-ից +4, վաղը ցերեկը 13-ից 15 աստիճան զրոյից բարձր։