Նոյեմբերի 10–ին ստորագրված եռակողմ համաձայնության հերթական երկու անկանկալներն այսօր ցնցեցին հայ հասարակությանը։
Նախ երեկ երեկոյան լուր տարածվեց, որ Բերձոր քաղաքում, որն ի սկզբանե Արցախը հայտարարել էր՝ մնալու է հայկական կողմի վերահսկողության տակ, բնակիչներին հրահանգել են մինչև նոյեմբերի 30–ը ժամը 18։00–ն լքել քաղաքը։ Այս տեղեկությունն անընդհատ հերքվում ու հаստատվում էր, մինչև Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանն ասաց՝ չգիտեն՝ ինչ է լինելու քաղաքի հետ, բայց ամեն դեպքում հրահանգ կա, որ մարդիկ դուրս բերեն իրենց գույքն ու հեռանան քաղաքից։ Առայժմ, նրա խոսքով, հայտնի չէ, թե ում վերահսկողության տակ կլինի քաղաքը։
Երկրորդ սառը ցնցուղը սպասվում էր երեկոյան, երբ արդեն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ադրբեջանցի զինվորականները կոտրել են նախօրեին Քարվաճառի մուտքի մոտ տեղադրված դարպասն ու մտել Հայաստանի տարածք։
Րոպեներ անց հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջում են այնտեղ գտնվողներին լքել տարածքը, քանի որ այն արդեն իրենց է պատկանում։
Հայաստանի Պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը շտապեցին հերքել այս տեղեկությունները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համаպատասխանում իրականությանը։
Ավելի ուэ, սակայն, տարածվեցին տեսանյութեր՝ ինչպես են ադրբեջանական ավտոմեքենաները շարժվում դեպի Հայաստանի տարածք, ինչպես նաև կադրեր արդեն Սոթքի ահնքավայրից, որտեղ երևում էին ադրբեջանցի զինվորականները։ Դրանից հետո ՊՆ–ն արդեն չէր հերքում այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանցիները ոչ թե ներխուժել են հանքի տարածք, այլ պարզապես եկել են հայերի և ռուսների հետ համատեղ հայ–ադրբեջանական սահմանի պաշտոնական սահմանազատում անելու։
Այնուամենայնիվ, տեղի համայնքային ղեկավարությունը, ըստ էության, նաև Սոթքի հանքավայրի աշխատակիցներն ու ղեկավարությունը, տեղյակ չէին սահմանազատման աշխատանքների մասին։
Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, այն տպավորությունը չուներ, որ հանքավայրի տարածքում խաղաղ աշխատանքներ են ընթանում։
«Ադրբեջանական զինուժը եկել են հենց հիմա ոսկու հանքի տարածք, ու պահանջում են ազատել տարածքը»,– լրատվամիջոցներին ասել էր համայնքնի ղեկավարը։ Երեկոյան ժամը 21։00ի դրությամբ ադրբեջանցիները դեռ հանքի տարածքում էին։
Ըստ էության, հանքի որոշ հատվածներ անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ։
ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը NEWS.am-ին ասաց. «Եթե նայում ենք քարտեզին, ապա եթե Քարվաճառի շրջանն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուրեմն Սոթքի հանքավայրի որոշ հատվածներ կգտնվեն Քարվաճառի այդ հատվածում»։
Նշենք, որ այսպիսով փաստորեն վտանգի տակ է հայտնվում Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի գործունեությունը։
Ազգային ժողովն այսօր մոտ յոթ ժամ քննարկումներից հետո դեմ քվեարկեց ԼՀ խմբակցության ներկայացրած՝ երկրում ռազմական դրությունը վերացնելու նախագծին։ Ելքը վճռեց իշխող «Իմ քայլը» խմբակցությունը՝ դեմ քվեարկելով նախագծին։
Քննարկումը հարթ չընթացավ։ Մи քանի անգամ կրքերը բորբոքվեցին, մեկ անգամ նիստը վարող փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ստիպված էր դիմել անվտանգության աշխատակիցներին։
Ի դեպ, առավոտյան ԱԺ պատգամավորներին դիմավորել են «դավաճան» գրություններով ու վանկարկումներով քաղաքացիները։ Ավելի ուշ նրանք պատգամավորներին ավտոմեքենաներին փակցրել են «դավաճան» գրությամբ պիտակներ։
Երկամսյա դադարից հետո կառավարությունն այսօր առաջին անգամ նիստ էր հրավիրել։ Նիստը մեկնարկեց զոհերի հիշատակը հարգող մեկ րոպե լռությամբ, որից հետո Փաշինյանն անդրադարձավ երկրում ստեղծված իրավիճակին, որևէ նոր բան չասաց, միայն կրկնեց, որ ինքը պատասխանատվություն է կրում կատարվածի համար։
Կառավարության նիստից հետո ԱԳ նորանաշանակ նախարար Արա Այվազյանն իր առաջին սկանդալային հայտարարությունն արեց։ Նա պնդեց, որ պարտվել ենք ռազմադաշտում, իսկ դիվանագիտությունը որևէ պարտություն չի կրել։
Արա Այվազյանի այս հայտարարությունը քննադատության մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում։
Հերթական սկանդալային նշանակումը՝ Նիկոլ Փաշինյանից։ Նա ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակել հայտնի գործարար, Menu Group-ի սեփականատեր Վահան Քերոբյանին։ Նախօրեին Փաշինյանը նախարարի պաշտոնից ազատել էր Տիգրան Խաչատրյանին։
Զոհվել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը։ Նա Ֆիզուլիի շրջանում 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող էր։ Սարդարապատ համայնքի բնակիչ էր, սովորում էր Տնտեսագիտական համալսարանում։
Հայաստանում դոլարի փոխարժեքը նվազել է։ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 26-ին, կազմել է 508.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 3.57 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 604.82 դրամ (նվազել է 4.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 678.90 դրամ (նվազել է 3.80դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2 –4, վաղը ցերեկը՝ +8+10:











