Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներն անորոշ վիճակում են, սպասում են տեղեկությունների՝ աշխատելու են իրենք, թե ոչ։ Նրանց հետ հանդիպման է եկել ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով Գեղարքունիքի մարզից  է ընտրվել։

«Ես ունեմ բոլոր հավաստիացումները, որ ամեն ինչ արվելու է, որ հանքը աշխատի։ Էն որ հանքն աշխատելու է գրեթե բոլորը վստահ են, խնդիրը հանքի աշխատանքի ծավալների մասին է։ Չգիտեմ՝ ինչպես կպայմանավորվեն, ամեն դեպքում ամեն ինչ արվում է, որ հանքն ամբողջ թափով աշխատի»,- հանքի աշխատակիցների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորը հանքի աշխատակիցներին խնդրեց համբերատար լինել եւ սպասել բանակցություններ ավարտին, որովհետեւ իր իսկ խոսքով՝ «մեր ձեռքում ոչինչ չկա»։

Հանքի աշխատակիցներն ի պատասխան ասացին, որ իրենց անհանգստությունը միայն հանքի աշխատել-չաշխատելու հետ չէ կապված, այլեւ, որ թշնամու համար հանիքց դուրս տարածքները եւս տեսանելի են եւ վտանգ կա, որ նրանք կռմբակոծեն։

«Ավտոմատներով եկել են, մերոնց ասել են դավայ, դուրս եկեք, ով է տեսել տենց բան։ Եթե հանկարծ դրանք էդ դիրքերում նստեն, մեզ բոլորիս կխփեն։ Թուրքը հենց էդտեղ նստավ, կսկսի խփել, Զոդը կփակվի, Վարդենիսը, Մարտունին կփակվեն, մինչև Աբովյան կփակվի »,- ասաց աշխատակիցներից մեկը։