Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների մրցակից սլովակների գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Սպորտ-Էքսպրեսին իր կանխատեսումն է արել հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան-Հայաստան խաղի վերաբերյալ:

- Նախորդ տուրում, ինչպես դուք երազում էիք, Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականները ոչ ոքի խաղացին:

- Այդ արդյունքը ոչ միայն Սլովակիայի օգտին էր, այլեւ ուղեգրի հավակնող բոլոր թիմերի օգտին: Մրցաշարային ինտրիգի պահպանման տեսանկյունից էլ այն լավ արդյունք էր: Կրկնում եմ` մեր խմբում պայքարն ընթանալու է մինչեւ վերջին տուրը: Նույն Հայաստանը դեռ պահպանում է եզրափակիչ դուրս գալու կամ անցումային խաղերին մասնակցելու հնարավորություն: Նույնիսկ Մակեդոնիան տեսականորեն դեռ կարող է պայքարել դրա համար: Մեր խմբում միայն մեկ հետնապահ կա:

- Հայաստանը երկու տնային խաղերում Ռուսաստանից եւ Սլովակիայից հինգ միավոր խլեց: Մեկնարկում ֆավորիտ համարվող թիմերի համար կորուստը զգալի է:

- Ես տեսել եմ մեր խմբի բոլոր հանդիպումները եւ կարող եմ ասել, որ Հայաստանը ընտրական մրցաշարի ընթացքում ցուցադրել է ամենաարագ եւ տեխնիկապես ամենալավ ֆուտբոլը: Չնայած արդյունքին` Հայաստանը պետք է հաղթեր եւ Մակեդոնիային, եւ Իռլանդիային Երեւանում: Ռուսաստանի հետ առաջին խաղում հաղթանակի հնարավորությունները հավասար էին: Վստահ եմ` երեք-չորս հայ ֆուտբոլիստներ ունեն բոլոր տվյալները Եվրոպայի լավագույն ակումբներում խաղալու համար: Ես հենց սկզբից բարդություններ էի ակնկալում այդ թիմից, սակայն չէի ենթադրում, որ երիտասարդ մարզիչ Վարդան Մինասյանի սաները այդքան լավ են խաղում:

- Դուք դարձյալ երազելու եք ոչ ոքի:

- Ես միշտ մրցակիցների հանդիպումներում խաղաղ արդյունքների օգտին եմ (ծիծաղում է): Դա վերաբերում է նաեւ Ռուսաստան – Հայաստան եւ Մակեդոնիա – Իռլանդիա հանդիպումներին: Վստահ եմ` Ռուսաստանում նույնպես կուրախանան մրցակիցների երկու ոչ ոքիներին: