ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները հանդես են եկել հայտարարությամբ։ Նրանք կոչ են անում տարածաշրջանից ամբողջական եւ արագ դուրս բերել օտարերկրյա վարձկաններին եւ կոչ են անում բոլոր կողմերին աջակցել այդ հարցին: Համանախագահող երկրները Հայաստանին եւ Ադրբեջանին հիշեցրել են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները կատարելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման եւ դիերի վերադարձի հետ կապված: Նրաք Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել օգտվել ներկայիս գործող հրադադարից՝ համանախագահների հովանու ներքո խաղաղ բանակցություններ վարելու երկարատեւ եւ կայուն համաձայնագիր կնքելու ուղղությամբ: Այդ համատեքստում համանախագահ երկրները կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ սկսել առարկայական բանակցությունները համաձայնեցված ժամանակացույցով չլուծված բոլոր խնդիրները լուծելու համար:
Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ եւ 3 դեմ ձայնով ընդունել է բանաձեւ, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Բանաձեւում նաեւ արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական 16 ուժերը ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում, և վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին։ Շարժումն իր գործողությունների ճանապարհային քարտեզը կներկայացնի առաջիկա հանրահավաքում։ Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ Նիկոլ Փաշինյանի համար երկու ճանապարհ կա՝ կամ ինքնակամ հեռանա, կամ ԱԺ-ն քննարկի պաշտոնանկության հարցը եւ ընտրի նոր, ժամանակավոր վարչապետ: «Հասարակական ճնշման տակ պետք է գնա այդ տարբերակին»,-ասել է նա:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Մարուքյանին, ֆեյսբուքում գրել է ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։ Նա նշել է, որ նախօրեին ընդդիմության միասնական թեկնածուի մասին իրենց տեղեկացրել է Իշխան Սաղաթելյանը, որին իրենք փոխանցել են՝ անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, որը կամուրջները չի այրել կողմերից եւ ոչ մեկի հետ։
Իսկ այդ ընթացքում ադրբեջանցիները փորձում են Հայաստանի տարածքից նորանոր հատվածներ կորզել։ Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերին նախօրեին ադրբեջանցիներ են մոտեցել, որոնք հայ դիրքապահներին պահանջ են ներկայացնել, թե այդտեղ իրենց դիրքերը պետք է լինեին։ Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը NEWS.am-ին հայտնել է, որ հակառակորդի հետ բանակցել է դիրքապահ ջոկատի հրամանատար, Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։ Բանակցելուց հետո ադրբեջանցիները հեռացել են։
Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը։
Միջոցառումը վերաբերում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի քաղաքացիներին: Սակայն «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով միանվագ գումարային աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք այս միջոցառումից չեն կարող օգտվել։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով: Առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձինք կստանան 3.000.000 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում՝ 2.000.000 ՀՀ դրամ, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամ։ Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներն կհատկացվի 5.000.000 ՀՀ դրամ:
Այս միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։ Հիշեցնենք, որ խոսքը ոչ թե զինվորական, այլ քաղաքացիական անձանց շրջանում տուժողների մասին է։
Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի այն բնակիչները, որոնց անշարժ գույքը վնասվել է հակառակորդի գործողությունների հետևանքով, կստանան դրամական փոխհատուցում։
Կառավարություն հաստատեց միջոցառում, որով ֆինանսական օգնություն կհատկացվի արցախցիներին հյուրընկալած ընտանիքներին։
Այսպիսով սոցիալական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է, 45 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է:
Ծախսերի փոխհատուցումը ժամանակավոր վեց ամսով է: Աջակցությունը տրամադրելու համար պետք է դիմել յուրաքանչյուր ամիս՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Կառավարությունն այժմ պատրաստում է նախահիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների եւ պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձերը փոխհատուցվում են:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն այսօր անհնազանդության ակցիաներ են արել Երեւանի փողոցներում՝ փակելով դրանք: Փակվել են Երևանի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները։ Ոստիկանները մի քանի տասնյակ մարդու բերման են ենթարկել։
«Իմ քայլի» պատգամավորների տների բակերում արդեն մի քանի օր բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիներն այսօր Լուսինե Բադալյանի բակ էին գնացել, որտեղ միջադեպ է տեղի ունեցել։ Պատգամավորի մայրը պատուհանից եռման ջուր է լցրել երիտասարդների վրա, նաեւ բղավել նրանց վրա։
Գյումրիի 2-րդ դպրոցի տնօրեն, դաշնակցական ՀովհաննԵս Պետրոսյանը 3-րդ օրն է հացադուլ է անում Շիրակի մարզպետարանի դիմաց՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Հացադուլին միացել է նաեւ Տիգրան Չամաքյանը: «2,5 տարվա ընթացքում այն ինչը պետականության համար արժեք էր՝ նա քարը քարին չի թողել»,- նշել է Տիգրանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ացախի դեմ պատերազմում իր զոհերի թիվը։ Բաքվի պաշտոնական տվյալով՝ զոհվել է 2783 զինծառայող, ավելի քան 100 զինծառայող անհետ կորած է համարվում, 1245-ն էլ բուժվում է: Հայկական կողմը հրապարակել է 1746 զոհվածի անուն, մամուլը սակայն գրում է, որ զոհերի իրական թիվը մոտ 5 հազար է։
Հայաստանում մահացել է եւս 37 կորոնավարակակիր, նրանց ընդհանուր թիվը հասել է 2832-ի։ Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1277 նոր դեպք, ընդհանուր թիվը 138508 է: Փաստացի այս պահին բուժվում է 22448 մարդ:
94 տարեկանում կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենը։ Նա պաշտոնավարել է 1974-1981 թվականներին։
82 տարեկանում կյանքից հեռացել է ավիացիայի ոլորտի ամենահեղինակավոր մասնագետներից Դմիտրի Աթբաշյանը։ Նա եղել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար, ավելի ուշ գլխավորել է Արցախի քաղավիացիան։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.86 դրամով ու կազմել 510.00 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.84 դրամով ու հասել 617.61 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.11 դրամով ու հասել 683.40 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով ու կազմել 6.79 դրամ:
Դեկտեմբերի 4-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում կնկատվի մառախուղ: Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +7+9:











