Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 23-ին պետք է շարունակեր նախօրեին սկսված եւ կիսատ մնացած իր նիստը, սակայն քվորում չկար: Քաղաքապետ Հայկ Մարությանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, մինչեւ ավագանու անդամները ներկայանան: 

Նշենք, որ նախօրեին հայտարարվեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Ցիրունյանը եւ Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Մինչ այդ նմանատիպ դիմում էր ներկայացրել նաեւ Արսեն Կարապետյանը: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատները տրվել են Սերգեյ Գյոզալյանին, Վահե Օհանջանյանին,  եւ Կարինե Փանոսյանին: Կարինե Փանոսյանը եւս դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Նրա մանդատը տրվել է Գեւորգ Աճեմյանին:

«Իմ քայլը» խմբակցության անդամներ Էռնես Ավանեսովը եւ Սերգեյ Գյոզալյանը դիմումներ են ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն նրանք շարունակում են ավագանու անդամի իրենց լիազորությունները:

Երեկվա նիստում մի քանի թեժ բանավեճերից հետո ԲՀԿ խմբակցության անդամները հեռացան նիստերի դահլիճից եւ միացան ընդդիմության հանրահավաքին:

Այդ ընթացքում միջադեպ գրանցվեց ԲՀԿ-ականների եւ քաղաքապետարանի աշխատակիցներից  մեկի միջեւ, բանը հասավ քաշքշոցների: