Ֆրանսիան եւ մյուս արեւմտյան պետությունները պատրաստ են  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւի նախագիծ ներկայացնել, որը կդատապարտի սիրիական իշխանությունների բռնությունները տեղական բնակչության նկատմամբ, չնայած Ռուսաստանի դիրքորոշմանը: Ռուսաստանը հասկացրել է, որ հավանություն չի տա նման փաստաթղթի: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մայիսի 18-ին հայտարարել էր, թե արեւմտյան կոալիցիայի գործողությունները Լիբիայում ցույց են տալիս, որ «կարելի է չարաշահել բանաձեւերը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բանաձեւի նախագիծը պատրաստվել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Պորտուգալիայի կողմից: Այն դատապարտում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կոշտ գործողությունները եւ պահանջում է բացել Սիրիայի քաղաքները միջազգային մարդասիրական կազմակերպությունների առջեւ:

Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով, փաստաթղթին հավանություն կտան ՄԱԿ ԱԽ 15 անդամներից 11-ը, սակայն մշտական անդամներից մեկը կամ երկուսը կարող են վետո դնել դրա վրա: «Մենք պատրաստ ենք ռիսկի դիմել»,- ասել է Ժյուպեն: