Տարածաշրջանային այցի շրջանակում այսօր Երևանում հանդիպումներ է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Նա առավոտյան հանդիպել է արտգործնախարար Արա Այվազյանի հետ։ Ավելի ուշ նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են երկկողմն հարաբերությունների զարգացման եւ համագործակցության, ինչպես նաեւ տարածշրջանում կայունության եւ խաղաղության առնչվող հարցեր։ Զարիֆը Փաշինյանին է փոխանցել նախագահ Ռոհանիի ողջույնները, եւս մեկ անգամ ընդգծել Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ տարածքային ամբողջականության պահպանում, ուժի չկիրառում, միջազգային իրավունքի, ժողովուրդների, փոքրամասնությունների պահպանում։ Զարիֆի խոսքով՝ Իրանում մեծ հարգանք են տածում Նիկոլ Փաշինյանի անձի հանդեպ, այն քաջության վերաբերյալ, որը նա դրսեւորել է խաղաղության ուղղությամբ քայլեր կատարելիս։
Հիշեցնենք, որ մինչեւ Հայաստան գալն այցելել է Բաքու, ապա Մոսկվա, իսկ Երեւանից կմեկնի Թբիլիսի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսյան շաբաթի շրջանակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին եւ նշել, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել զինված հակամարտությունը կանգնեցնելու համար, հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, հասնել կրակի լիարժեք դադարեցման եւ սկսել կայունացման գործընթաց։ Պուտինի խոսքով՝ այժմ միջազգային հանրության եւ հակամարտության կարգավորմանը մասնակցող երկրների առջեւ խնդիր է դրված Արցախում կարգավորելու մարդասիրական խնդիրները, ինչպես նաեւ պաշտպանելու մշակութային հուշարձանները։
Վարանդայի կամ Ֆիզուլու շրջանում ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի մարմին, առանց նշելու նրանց գտնելու վայրի մասին որևէ տեղեկություն: Նախնական տվյալով՝ նրանք պահեստազորայիններ էին: Ընդհանուր առմամբ, մինչեւ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը քաղաքացիական անձինք:
Կառավարությունը հաստատել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախագիծն, ըստ որի պատերազմում վիրավորվածներին կհատկացվի միանվագ գումար 500 հազար դրամի չափով՝ բացառությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների, որոնք արդեն ստանում են ֆինանսական աջակցություն: Այս ծրագրով շահառու է համարվում մոտ 6 հազար մարդ։
Կառավարությունը Արմեն Ղուլարյանին նշանակել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Հիշեցնենք, որ Ղուլարյանը 90-ականներին Իջեւանի քաղաքապետն էր, 2-րդ եւ 3-րդ նախագահների պաշտոնավարման շրջանում 15 տարի եղել է Տավուշի մարզպետը, անդամակցել Հանրապետական կուսակցությանը։ Նաեւ հիշեցնենք, որ Կոմիտեի նախորդ նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով:
Գործադիրը որոշել է ժամանակավոր արգելել ցեմենտի ներմուծումը. նպատակը ռազմավարական նշանակության ապրանքի ներքին շուկայի և տեղական արտադրությունը պաշտպանելն է, ցեմենտի ներմուծման հետ կապված կարգավորումները ԵԱՏՄ օրենսդրությոնը համապատասխանեցնելը։
Ոստիկանությունն ուսումնասիրում է ադրբեջանցիների ձեռքին հայկական անձնագրեր հայտնվելու մասին լուրերը, կառավարությունում լրագրողներին վստահեցրել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Հիշեցնենք, որ այդ մասին հայտարարել էր Հայաստանից արտաքսված Անդրանիկ Հովհաննիսյանը, նույնիսկ ցույց տվել, իր խոսքով՝ ադրբեջանցիներից իրեն վաճառված Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը, նաեւ նշել, թե ադրբեջանցիների խոսքով՝ իրենք հայկական անձնագրերը ձեռք են բերում ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանից։
Փոխոստիկանապետը նաև ասել է, որ տեղեկություն չունի՝ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին։ Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն է շրջանառվում, որ Աղաջանյանը նշանակվելու է փոխոստիկանապետ։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը հափշտակելու սկանդալային պատմությունը։ Ալեն Սիմոնյանը լիովին արժանահավատ է հաարումԱԳՆ-ի այն վարկածը, որ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը հափշտակել են նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարություն ներխուժած քաղաքացիները։
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարել է, որ իր կողմից ստեղծվող քաղաքական կուսակցությունը իր թեկնածուով կմասնակցի ընտրություններին։ Արտակ Թովմասյանի խոսքով՝ ինքը չի հավակնում վարչապետի պաշտոնին, սակայն, եթե նման անհրաժեշտություն լինի, չի բացառվում, որ կառաջադրվի։
Արտակ Թովմասյանի կուսակցությունը գործելու է ընդդիմադիր 17 կուսակցություններից անկախ, չնայած նման առաջարկ եղել է, սակայն Հայրենիքի փրկության շարժմանը միանալու որոշում չունի։
Գործարարը կարծում է, որ իշխանությունը պետք է հեռանա, հանրային միասնականությունը երկրում վերականգնվի։
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել նախկին մարզպետի ու նախկին պատգամավորի կոռուպցիոն գործարքների մասին։ Նշվում է, որ 35 հազար դրամով ձեռք բերված հողատարածքը 2009-ին պետությանը հետ է վաճառվել գրեթե 140 միլիոն դրամով, պետությանը պատճառելով խոշոր չափի վնաս։ Հայտարարությունում անուններ չեն նշվում, սակայն այդ թվականին Արագածոտնի մարզպետը Սարգիս Սահակյանն էր, նրա եղբայր-պատգամավորն էլ Նաիրի Սահակյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Սարգիս Սահակյանի պաշտպանը հայտարարել է, որ նախկին մարզպետն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հայաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ։ Այս մասին որոշում է կայացվել Ռուսաստանի կառավարությունը։ Որոշումը տարածվում է ԵԱՏՄ անդամ երկրների վրա։ Մեկնող քաղաքացիները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական արդյունք։
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Արաբկիրի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքի առանձնատներից մեկում հետախուզվողին վնասազերծելու պահին կասկածյալը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, պատանդ վերցրել իր 3-ամյա որդուն, սպառնացել, որ կվնասի նրան։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ղեկավարները. ոստիկանապետ Վահե Ղազարյանն ինքն է բանակցել հետախուզվողի հետ, որը 5 ժամ անց, ի վերջո, հանձնվել է իրավապահներին։ Երեխան չի տուժել։
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք: Մեկ օրում մահացել է 7 վարակված, որոնցից 3-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3817 է։ Արցախում, անցած մեկ օրում վարակվել է 4 մարդ։ Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են վարակված տղամարդկանց շրջանում մահերը 70 տոկոսով բարձր կանանց համեմատ։ Կանայք երկու X քրոմոսոմ ունեն, որոնք հարուստ են իմունային արձագանքը կարգավորող գեներով: Բարդություններից կանանց կարող է պաշտպանել նաեւ իգական սեռական հորմոնը` էստրոգենը:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.10 դրամով ու կազմել 518.16 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.43 դրամով ու կազմել 628.06 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.80 դրամով ու հասել 711.59 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու հասել 6.89 դրամի:
Հայաստանում հունվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Եղանակը կշարունակի տաքանալ: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Գիշերը մայրաքաղաքում կլինի -5 -7, վաղը ցերեկը` +1 +3:











