Պատգամավոր Գոռ Գեւորգյանը գոհ չէ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գործունեությունից։ ԱԺ լիագումար նիստին այսօր՝ մարտի 25–ին, Գոռ Գեւորգյանը հիշեցրեց Միրզոյանին, որ նա ոչ միայն իրեն ծափահարող պատգամավորների, այլեւ իրեն չծափահարող պատգամավորների նախագահն է։
Պատգամավորը դժգոհեց, որ նախօրեին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների, այդ թվում իր հարցերին պատասխան չտրվեց եւ փոխարենը պահանջեցին հարցերը գրավոր ուղարկել Կառավարություն։
«Հարցուպատասխանի այս հարթակը բացառապես պետք է ծառայի բանավոր խոսքի համար։ Պարոն Միրզոյան, գիտեք, ես երբեք իմ համեստ գործունեության ընթացքում այս դահլիճում մարդկանց չեմ անձնավորել եւ գտնում եմ, որ դա ամենամեծ սխալն է։ Գոյություն ունեն համակարգային խնդիրներ։ Խորհրդարանը Ձեր գլխավորությամբ կրավորական դերակատարություն է ունեցել վերջին մի քանի ամիսներին, եւ դրա վառ ապացույցն է անցած օրը Կառավարության անդամների կողմից արհամարհական վերաբերմունքը խորհրդարանական պետության ԱԺ անդամների կողմից հնչեցված հարցերին։ Դուք պարտավոր էիք միջամտել, այստեղ եք Դուք նաեւ կերտում Ձեր հետագիծը, ես չէ որ պետք է գնահատական տամ, այսօր այնքան գնահատականներ տվողներ կան, որոնց անցյալը մշուշուտ է, իսկ ներկան չես հասկանում՝ դեպի ուր»,– հայտարարեց պատգամավորը։
Գոռ Գեւորգյանը հորդորեց փոխադարձ հարգանք դրսեւորել միմյանց նկատմամբ եւ զերծ մնալ քմահաճույքներ արտահայտելուց։
ԱԺ նախագահը պատգամավորի հնչեցրածի մի մասի հետ համաձայնեց, իսկ մյուս մասի վերաբերյալ ասաց, թե ինքը կորոշի, քանի որ իր պարտականություններն ու իրավունքները շատ լավ գիտի։
«Ամեն մարդ թող իր հետագծի մասին մտածի, հետո մյուսներից խոսի»,– ասաց Արարատ Միրզոյանը։











