Հյուսիսային Մակեդոնիայում դատարանը երկրի հետախուզության նախկին ղեկավարին եւ երեք այլ նախկին պաշտոնյաների մեղավոր է ճանաչել իշխանությունը չարաշահելու մեջ՝ կապված հետապնդման սարքավորումներ ձեռք բերելու հետ, եւ նրանց դատապարտել է 5-15 տարի ժամկետով ազատազրկման, հաղորդում է Reuters-ը:
Եռամյա դատավարությունը դիտարկել է 2010-ին բրիտանական արտադրության սարքավորումների ձեռքբերումը նախկին վարչապետ Նիկոլա Գրուեւսկու օրոք, որը փախել է երկրից, որպեսզի խուսափի կոռուպցիայի համար բանտ նստելուց:
Հետախուզության նախկին պետ Սաշո Միյալկովը, որը Գրուեւսկու զարմիկն է, դատապարտվել է ութ տարվա ազատազրկման:
ՆԳՆ նախկին աշխատակից Գորան Գրուեւսկին հեռակա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, իսկ եւս երկու նախկին պաշտոնյաներ դատապարտվել են հինգական տարվա ազատազրկման: Դատավորները որոշել են, որ սարքավորումների գնումն իրականացվել է միջնորդ ընկերության միջոցով եւ պետության վրա շատ ավելի թանկ է նստել, քան եթե դա գնվեր անմիջապես արտադրողից:
Վճիռը նաեւ մեղադրյալներին պարտավորեցրել է միասին վճարել 813 000 եվրո՝ որպես վնասի փոխհատուցում:
Փետրվարին Միյալկովը դատապարտվել էր նաեւ 12 տարվա ազատազրկման՝ որպես հեռախոսազրույցների գաղտնալսման սկանդալի առաջատար կազմակերպիչ, որը բռնկվել էր 2016-ին այն բանից հետո, երբ պարզվել էր, որ զոհ է դարձել 20 000 մարդ, ներառյալ ընդդիմության քաղաքական գործիչներ, դատավորներ եւ լրագրողներ:



























