ԱՄՆ հետախուզական համայնքը նախազգուշացրել է գլոբալ սպառնալիքների «տարատեսակ առատության» մասին, որոնք կարող են ավելի ապակայունացնել աշխարհը՝ ցնցված COVID-19 համավարակի, տեխնոլոգիական փոփոխությունների եւ միջազգային մրցակցության հետեւանքից:
Ըստ 2021թ. սպառնալիքի գնահատման տվյալների (27 էջանոց ոչ գաղտնի փաստաթուղթ, որում ներկայացված է ԱՄՆ 18 հետախուզական գործակալությունների հավաքական տեսակետը)՝ «ավելի ու ավելի փոխկապակցված եւ շարժական աշխարհում կասկադային իրադարձությունների հնարավորությունը» նոր եւ եզակի մարտահրավերներ կառաջացնի:
Զեկույցում նշվում է, որ Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը եւ Հյուսիսային Կորեան ձգտում են մարտահրավերներ նետել ԱՄՆ շահերին տարբեր ասպարեզներում եւ մակարդակներում, իսկ անդրազգային հանցագործությունները, կիբեռհարձակումները եւ ահաբեկչական դավադրությունները մշտական սպառնալիքներ են ներկայացնում: «Ներքին բռնատիրական ծայրահեղականները» «ուժեղ սպառնալիք» կդառնան:
COVID-19 համավարակը «կշարունակի ճնշում գործադրել կառավարությունների եւ հասարակությունների վրա՝ խթանելով մարդասիրական եւ տնտեսական ճգնաժամերը, քաղաքական հուզումները եւ աշխարհաքաղաքական մրցակցությունը»՝ նույնիսկ պատվաստանյութերի համատարած օգտագործումից հետո:
Հետախուզության ներկայացուցիչները հայտարարել են, որ Պեկինը ԱՄՆ-ի հետ իր մրցակցությունը համարում է «դարաշրջանային աշխարհաքաղաքական տեղաշարժի» մի մաս եւ կշարունակի աճեցնել ռազմական, տնտեսական եւ տեխնոլոգիական հզորությունը՝ «Չինաստանի Կոմունիստական կուսակցության ազդեցությունը պահպանելու համար»:
Ռուսաստանը կընդլայնի իր «ռազմավարական համագործակցությունը» Չինաստանի հետ եւ «ԱՄՆ հետախուզության համար ամենալուրջ սպառնալիքներից մեկը» կներկայացնի։ «Մոսկվան գրեթե անկասկած դիտարկում է ԱՄՆ-ի ընտրությունները որպես ԱՄՆ գլոբալ դիրքը խարխլելու, Միացյալ Նահանգների ներսում տարաձայնություններ սերմանելու, ԱՄՆ-ի որոշումների եւ ընտրողների վրա ազդելու հնարավորություն»:
Ըստ հետախուզության աշխատակիցների, Իրանը «ներկայումս չի ձեռնարկում միջուկային զենքի մշակման հիմնական գործողություններ, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ կլինեն միջուկային զենք ստեղծելու համար», բայց վերսկսել է որոշ գործողություններ՝ խախտելով 2018-ի միջուկային համաձայնագրի պայմանները:
Ըստ գնահատականի՝ Հյուսիսային Կորեայի միջուկային հավակնությունները անփոփոխ են: Կիմ Չեն Ընը «հավանաբար իր ռեժիմի վրա ճնշման ներկա մակարդակը բավարար չի համարում մոտեցումը փոխելու համար»: Փհենյանի կիբեռնետիկ եւ սովորական ռազմական սպառնալիքը կշարունակի աճել, ասել են պաշտոնյաները:





























