ԱՄՆ-ն երկարաժամկետ գործընկերություն կպահպանի Աֆղանստանի հետ նույնիսկ մինչեւ սեպտեմբերի 11-ին զորքերի դուրս բերմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Քաբուլ չհայտարարված այցի ժամանակ, հայտնում է AFP-ն:
Զորքերի անվերապահ դուրսբերումը՝ անցյալ տարի «Թալիբանի» հետ համաձայնեցված վերջնաժամկետից չորս ամիս ավելի շուտ, տեղի է ունենում՝ չնայած «Թալիբանի» եւ Աֆղանստանի կառավարության միջեւ բանակցությունների փակուղային իրավիճակին եւ սպառնում է իշխանության վակուում թողնել, որը կարող է երկիրը խորը բռնության մեջ գցել:
Այցի շրջանակներում Բլինքենը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի, ինչպես նաեւ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ նրանց տեղեկացրել է Բայդենի հայտարարության մասին առ այն, որ նա դադարեցնում է «հավերժական պատերազմը», որը սկսվել էր ի պատասխան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներին:
«Ես ցանկանում էի իմ այցով ցույց տալ Միացյալ Նահանգների անսասան հավատարմությունն Աֆղանստանին եւ նրա ժողովրդին»,- ասել է Բլինքենը Գանիի հետ հանդիպումից հետո: «Գործընկերությունը փոխվում է, բայց այն պահպանվում է»:
ԱՄՆ-ն Աֆղանստանում մոտ 2500 զինծառայող ունի: Եւս հազարավոր մարդիկ ծառայում են ՆԱՏՕ-ի 9.600-հոգանոց ուժերում, որոնք միաժամանակ դուրս կբերվեն:
ԱՄՆ-ի դուրս գալը սարսափ է առաջացրել Աֆղանստանում, որտեղ քաղաքացիները վախենում են թալիբների կողմից ամենօրյա ռմբակոծությունից եւ նպատակաուղղված սպանություններից:





























