ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկացիներին կոչ է արել առանց հապաղման պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NBC-ն:
Բայդենը հիշեցրել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են երկուշաբթի օրվանից պատվաստումները հասանելի դարձնել երկրի բոլոր մեծահասակների համար: «Պատվաստումն անվճար է եւ հարմար,- ասել է նա:- Սա թույլ կտա ձեզ անել առավելագույնը՝ ինքներդ ձեզ եւ մյուսներին COVID-19-ից, այդ թվում՝ դրա նոր տարբերակներից պաշտպանվելու, տնտեսության վերականգնման եւ կյանքը սովորական հուն վերադարձնելու գործում օգնելու համար:
«Շնորհակալություն, եթե արդեն լիովին պատվաստված եք»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ դիմելով ամերիկացիներին:- Եթե դուք դեռ պատրաստվում եք պատվաստվել, խնդրում եմ, անցեք այդ ընթացակարգով մինչեւ վերջ»: «Մենք զգալի առաջընթաց ունենք, բայց վիրուսի դեմ պայքարը շարունակվում է, եւ մենք պետք է տասնյակ միլիոնավոր ամերիկացիների պատվաստենք»,- եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը:
Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալներով՝ նահանգի բնակչության ավելի քան 39.5 տոկոսը (ավելի քան 131.2 միլիոն մարդ) ստացել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի առնվազն մեկ դեղաչափ: Մոտ 25.4 տոկոսը (84.2 մլն մարդ) պատվաստվել է ամբողջությամբ:





























