Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերը կրկնել է դաշնային մակարդակով մարիխուանան օրինականացնելու իր կոչը՝ ասելով, թե հուսով է, որ թմրանյութերի արգելքը կվերացվի մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ը, հայտնում է CNBC-ն:

«Հուսով եմ, որ մեր երկիրը առաջընթաց կգրանցի մարիխուանայի ապաքրեականացման հարցում»,- ասել է Շումերը:

Նրա խոսքով՝ թմրանյութերի դեմ ազգային պատերազմը «շատ հաճախ դառնում է պատերազմ մարդկանց, հատկապես գունավորների դեմ»: «Կարծում եմ, որ եկել է երկրում մարիխուանայի դաշնային արգելքը վերացնելու ժամանակը, եւ ես սենատորներ Բուքերի եւ Ուայդենի հետ աշխատում եմ օրենսդրության վրա, որպեսզի հենց դա անեմ»,- ասել է նա:

Այս պահի դրությամբ ԱՄՆ 15 նահանգներ եւ Կոլումբիայի շրջանը օրինականացրել են մարիխուանան մեծահասակների կողմից ժամանցի օգտագործման համար, իսկ 36 նահանգներում թույլատրված է թմրանյութի բժշկական նպատակներով օգտագործումը: