Չինաստանը մտադիր է մինչեւ 2030 թվականը հասնել ածխածնային արտանետումների գագաթնակետին, իսկ մինչեւ 2060 թվականը՝ ածխածնային չեզոքության: Այս մասին ԱՄՆ-ում կազմակերպված կլիմայի գլոբալ գագաթաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:
«Մենք պետք է հավատարիմ մնանք բնապահպանական զարգացմանը: Շրջակա միջավայրի բարելավումը նշանակում է արտադրողականության բարձրացում»,- նշել է նա: Նրա խոսքով՝ զարգացած երկրները, որոնք պատասխանատու են ածխածնի ավելի մեծ արտանետումների համար, պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրեն փոփոխություններ կատարելու եւ զարգացող երկրներին օգնելու համար՝ ցածր ածխածնային տնտեսությանը անցումը ֆինանսավորելու հարցում:
Ցզինպինն ընդգծել է, որ Չինաստանը ձգտում է կարճ ժամանակահատվածում` ընդամենը 30 տարում, ածխածնի արտանետումների գագաթնակետային մակարդակից անցնել զուտ զրոյի:
Չինաստանի էներգետիկ ոլորտի կարգավորող մարմինը հինգշաբթի օրը ավելի վաղ հայտարարել էր, որ այս տարի կփորձի ածխի մասնաբաժինն ընդհանուր էներգաբալանսում նվազեցնել մինչեւ 56%-ից էլ պակաս մակարդակի:





























