Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ցանկացած հարմար ժամանակ Մոսկվայում Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ երկկողմ հարաբերությունները քննարկելու պատրաստակամության մասին:
Նրա խոսքով, Կիեւը վերջին ժամանակներս ձեռնարկել է բազմաթիվ քայլեր, որոնք ոչնչացնում են հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուզում է հարաբերությունների վերականգնում սկսել, Ռուսաստանը դա կողջունի: Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ «վերջերս Ուկրաինայի գործող ղեկավարությունը ռուս-ուկրաինական հարաբերությունները ոչնչացնելու շատ քայլեր է նախաձեռնել»: «Բայց եթե նախագահ Զելենսկին ցանկանում է սկսել այդ հարաբերությունների վերականգնումը, մենք դա միայն կողջունենք»,- ընդգծել է Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախագահը հավելել է, որ Դոնբասի հարցով շփման խումբը Մինսկից տեղափոխելու առաջարկները նման են խնդիրների իրական լուծումից խուսափելու փորձի: Դոնբասի խնդիրը լուծելու համար Ուկրաինայի ղեկավարությունը պետք է շփվի ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ, եւ միայն դրանից հետո՝ Ռուսաստանի հետ, նշել է Պուտինը:





























