Իսպանիայում ձերբակալել են մի տղամարդու, որը 22 հոգու վարակել է COVID-19-ով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրան առողջությանը վնաս հասցնելու մեղադրանք է առաջադրվել:

Հետաքննությունը սկսվել էր հունվարին՝ այն բանից հետո, երբ Բալեարյան կղզիների Մանակոր քաղաքում վարակի օջախ էր հայտնաբերվել: Դրանից մի քանի օր առաջ հաստատության աշխատակիցներից մեկի մոտ հիվանդության նշաններ էին ի հայտ եկել, ընդ որում՝ չնայած գործընկերների պնդումներին, նա հրաժարվել էր տուն գնալ: Երեկոյան տղամարդը ՊՇՌ թեստ էր հանձնել, սակայն առանց արդյունքներին սպասելու հաջորդ օրը կրկին վերադարձել էր աշխատանքի եւ նույնիսկ մարզասրահ էր այցելել:

Նա կրկին հրաժարվել է լսել տուն գնալու իր գործընկերների խնդրանքները, մինչդեռ, ըստ նրանց, տղամարդը 40 աստիճան ջերմություն է ունեցել, իսկ հազալիս իջեցրել է դիմակը եւ ասել, թե «կվարակի բոլորին», հաստատում է ոստիկանությունը՝ հղում անելով վկաներին:

Օրվա վերջում հայտնի են դարձել նախորդ օրը հանձնած թեստի արդյունքները՝ կորոնավիրուսը հաստատվել է: Դրանից հետո ստուգում է սկսվել մարզասրահի բոլոր աշխատակիցների եւ այցելուների ու նրանց ընտանիքի անդամների շրջանում՝ 22 մարդ հիվանդացել է, այդ թվում` երեք նորածին: