Կիպրոսի իշխանություններն ապօրինի կերպով «ոսկե անձնագրեր» են տրամադրել ներդրողների 3.5 հազար հարազատներին: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով անկախ հանձնաժողովի զեկույցը:
Զեկույցի համաձայն՝ Կիպրոսի կառավարությունն իր 6779 «ոսկե անձնագրերի» կեսից ավելին տրամադրել է ներդրողների չափահաս հարազատներին՝ չնայած դա թույլ տվող օրենքների բացակայությանը:
Պարզաբանվում է, որ երկրի իշխանությունները սխալ են մեկնաբանել օրենքը, հայտնում է «Գազետա»-ն:
Օրինակ, օտարերկրյա ձեռնարկատերերի եւ ներդրողների ամուսիններն ու երեխաները իրենք չեն կարող ներդրող համարվել, ուստի բոլոր հպատակագրումները, որոնք կատարվել են բացառապես նրանց հարազատ լինելու պատճառով, կատարվել են օրենքի խախտմամբ, ընդգծվում է փաստաթղթում:
Բացի այդ, գտնվել է մեկ այլ սխալ մեկնաբանություն, որը հնարավորություն է տալիս անձնագրեր տրամադրել օտարերկրյա եւ տեղական ընկերությունների ղեկավարությանը՝ չնայած նրանք ներդրումներ չեն կատարել հանրապետության տնտեսության մեջ:
Հանձնաժողովի գնահատմամբ՝ թոփ-մենեջերները չեն կարող ներդրող համարվել, քանի որ նրանք չեն տիրապետում իրենց ղեկավարած ընկերություններին:
Խախտումների շարքում նշվել է նաեւ ուռճացված գույքի արժեքը: Որոշ դեպքերում ներդրողները մի քանի անգամ գերագնահատել են իրենց գնած գույքի արժեքը:
Հանձնաժողովը նաեւ «լուրջ թերություններ» է հայտնաբերել ՆԳՆ-ի կողմից «ոսկե անձնագրեր» ստանալու դիմումների մշակման գործընթացում, մասնավորապես՝ դիմումատուներին պատշաճ կերպով ստուգելու համար տվյալների բազայի «լիակատար բացակայությունը»:
Նշվում է, որ հանձնաժողովն առաջարկել է անվավեր ճանաչել 66 անձնագիր, սակայն դրա եզրակացությունն իրավաբանորեն պարտադիր բնույթ չի կրում:



























