Ղրղըզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են սահմանին հրադադարի հաստատման շուրջ: Ինչպես հայտնում է «Կաբար» գործակալությունը, երկու երկրների արտգործնախարարների մի քանի բանակցություններից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել ժամը 20:00-ից լրիվ զինադադարի եւ ռազմական ուժերը տեղակայման նախկին վայրեր տանելու մասին:

Նշվում է, որ Ղրղըզստանի եւ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարներ Ռուսլան Կազակբաեւը եւ Սիրոջիդդին Մուխրիդինը ընդգծել են  խաղաղ ճանապարհով, քաղաքական եւ դիվանագիտական բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման անհապաղ անհրաժեշտությունը, ինչը հանգեցրել է զոհերի եւ վիրավորների՝ ինչպես ղրղըզական, այնպես էլ տաջիկական կողմերից:

Կազակբաեւը նշել է, որ ղրղըզական կողմը չի հավակնում օտարերկրյա տարածքների եւ մտադիր չէ որեւէ մեկի հետ կիսել իր հողերը: Այս համատեքստում նա հատկապես ընդգծել է, որ սահմանային եւ տնտեսական բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ` բարձր ներկայացուցիչների մասնակցությամբ` ղրղըզա-տաջիկական պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ կառավարական պատվիրակությունների շրջանակներում: Նա նշել է, որ կարեւոր է երկու պետությունների միջեւ վստահության ամրապնդումը, հատկապես սահմանամերձ գոտում, սահմանային շրջաններում անվտանգության եւ կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը, ինչպես նաեւ տեղական բնակչության շրջանում լարվածության ավելացմանն ուղղված ցանկացած գործողության ճնշումը:

Կողմերը պայմանավորվել են առաջիկա մի քանի ժամվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացնել իրավապահ եւ անվտանգության գերատեսչությունների ղեկավարների առանձին հանդիպում, որտեղ կքննարկվեն իրավիճակի հետագա կարգավորման մանրամասները:

Որպես հետագա միջոցառումներ, կողմերը պայմանավորվել են ամրապնդել բնակչության հետ համատեղ տեղեկատվական եւ բացատրական աշխատանքները երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների (տարածաշրջանային, շրջանային եւ գյուղական մակարդակներում) սահմանային ծառայությունների տարածքային ստորաբաժանումների մասնակցությամբ, ստեղծել համատեղ խմբեր: Տարածաշրջանային իրավապահ մարմինները պարեկություն են անցկացնում եւ վերահսկում են իրավիճակը սահմանային տարածքում, ինչպես նաեւ մշտական անմիջական կապ են պահպանում արտաքին գործերի գերատեսչությունների եւ անձամբ նախարարների միջեւ՝ առկա խնդիրների շուտափույթ լուծման համար:

Նախարարները երկու կողմերին կոչ են արել չտրվել առանձին ապակառուցողական ուժերի սադրանքներին: