Կազանում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ նվիրված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, որի արդյունքում երեք նախագահների անունից տարածվել է համատեղ հայտարարություն:

NEWS.am-ը ներկայացնում է հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության տեքստը:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները 2011թ. հունիսի 24-ին հանդիպեցին Կազանում եւ դիտարկեցին իրենց հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնական սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքի ընթացքը:

Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը: 

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները երախտագիտություն հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց մշտական ուշադրության համար եւ բարձր գնահատեցին պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը»: