Հալաբյան փողոցում Մահաթմա Գանդիի արձանի այրման գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Երևանի 61-ամյա բնակչին, որը ներկման աշխատանքներ է կատարել «Արմենիա» բժշկական կենտրոնում, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից տարածքում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի դիմացի այգում տեղադրված Մահաթմա Գանդիի հուշարձանի մոտ և իր մոտ եղած պոլիէթիլենային շշի մեջ գտնվող բենզին տեսակի վառելիքը լցրել է հուշարձանի պատվանդանի վրա, ապա իր մոտ գտնվող կրակայրիչով բոցավառել է և դրանով հրկիզել է Մահաթմա Գանդիի հուշարձանը և պատվանդանը և հեռացել՝ «Երևան» համայնքին պատճառելով 65.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում տղամարդը հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 61 -ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։





























