Հայ ազգային կոնգրեսին թեեւ չի հաջողվել երկրում վերականգնել Սահմանադրական կարգը, սակայն ՀԱԿ-ը կարողացել է փոխել երկրում տիրող հակասահմանադրական իրավիճակը: Այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե` որքանո՞վ է հաջողվել Կոնգրեսին իր գոյության երեք տարիների ընթացքում վերականգնել Սահմանադրական կարգը Հայաստանում:

«ՀԱԿ-ն իր գոյությամբ շատ հանցագործների, օրինախախտների, ավազակապետերի, թաթար-մոնղոլների սթափ ու զգույշ է պահում: Եթե չլիներ ՀԱԿ-ը, ապա Հայաստանում կտիրեր կատարյալ քաոս»,-հայտարարեց Մանուկյանը: Նա նաեւ հավելել է, որ ՀԱԿ-ը սահմանադրական կարգը վերականգնելու ճանապարհի կեսին է, «եւ կա համապատասխան էներգիա`  մոտ ապագայում  համաժողովրդական ուժերով գործն ավարտին հասցնել` վերականգնելով Սահմանադրության նկատմամբ հարգանքը»:

«Ես այսօր ամոթ ու անհարմար եմ զգում, որ փողոցում անցնող 10 մարդուց 9-ը բացասաբար է արտահայտվում Սահմանադրության մասին, այն չի համարում երկրի հիմնական օրենքը: Սա մի իրավիճակ է, որին իշխանությունները հասել են տարիների ընթացքում` արհամարհելով ու խախտելով այդ կարեւորագույն փաստաթուղթը»,-հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահը` հավելելով, որ ՀԱԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի Սահմանադրությունը դառնա «ռեալ, աշխատող փաստաթուղթ»: