«Голос России» (Voice of Russia) պետական ռադիոընկերությունը մի քանի մեկնաբանների եւ փորձագետների մասնակցությամբ անցկացրել է քննարկում կազանյան գագաթաժողովից հետո ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի կարգավորման հեռանկարի թեմայով:
Կազանյան բանակցությունների հետ կապված ընդհանուր հիասթափության վերաբերյալ Սերգեյ Ստրոկանը նշել է. «Սա ծանր ճակատամարտ է դառնում: Կազանյան գագաթաժողովից առաջ եղած լավատեսական եւ հուսադրող տրամադրությունները երկար չդիմացան: Համաշխարհային լրատվամիջոցներում այժմ դարձյալ հոռետեսությունն է գերիշխում»:
Միրա Սալգանիկի դիտարկմանը, թե հակամարտության կողմերը վերադարձել են փոխադարձ մեղադրանքների եւ ուժի ցուցադրության` Սերգեյ Ստրոկանը պատասխանել է. «Դա ամենեւին զարմանալի չէ: Զարմանալի է, որ նրանք դա սկսեցին Կազանը լքելուց անմիջապես հետո: Կազանի հանդիպումից ընդամենը երկու օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում կայացած զորահանդեսում հայտարարեց, որ վերջին յոթ տարիների ռազմական ծախսերն ավելացել են 20 անգամ եւ հայկական բյուջեն գերազանցում են 50 տոկոս»:
Քննարկմանը միացել է Եկատերինա Կուդաշկինան. «Զարմանալի չէ, որ նրան հակադարձել է հայ գործընկեր Սերժ Սարգսյանը. «Մենք երկկողմ զիջումների կողմնակից ենք, բայց պե ՞տք է մենք զիջման գնանք մի պետության հետ, որը պատրաստ է մեր վրա զենք ուղղել»: Այսպիսով, Կազանի գագաթաժողովի ձախողումը ընդգծեց հիմնախնդրի լրջությունը»:
Ի պատասխան` Սերգեյ Ստրոկանը նշել է. «Որոշ համաշխարհային առաջնորդներ, մասնավորապես, նախագահ Մեդվեդեւը, որը նախաձեռնել էր Կազանի հանդիպումը եւ նախագահներ Օբաման ու Սարկոզին սիզիփոսյան ջանք են գործադրում: Փորձագետների մեծ մասը մռայլ կանխատեսումներ են անում ղարաբաղյան հակամարտության ապագայի վերաբերյալ, համաշխարհային լրատվամիջոցները խոսում են դիվանագիտության ձախողման եւ Կովկասում նոր պատերազմի ստվերի մասին: Սակայն ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ ամեն դեպքում եւս մեկ պատերազմ սկսելու ռիսկի չեն գնա: Դա իմ անձնական կարծիքն է: Դա ընդհանուր տեսակետ չէ, բայց ես կարող եմ բացատրել: Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությունները հասկանում են, որ նոր պատերազմը գրեթե կզրոյացնի եվրոպական ազգերի ընտանիքի հետ ինտեգրացիայի հավակնությունները»,- ասել է Սերգեյ Ստրոկանը:
Եկատերինա Կուդաշկինան ավելացրել է. «Պատերազմի ռիսկ կա: Սակայն երկարաժամկետ հեռանկարում հիմարություն կլիներ նոր պատերազմը: Այնտեղ այնքան շահեր կան, որ նրանք այնուամենայնիվ կփորձեն պայմանավորվել: Ադրբեջանը բնական գազի հսկայական պաշարներով առանցքային դեր է խաղում Եվրամիության հարավային էներգետիկ միջանցքում: Ադրբեջանն արդեն պարտավորվել է գազ մատակարարել Եվրամիությանը: Այն նաեւ Կենտրոնական Ասիայի գազի առաքման տարանցիկ երկրի մեծ ներուժ ունի»:
Քննարկմանը միջամտել է Սերգեյ Ստրոկանը. «Դա եւս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը զենքը չի ուղղի Հայաստանի վրա: Ես կարծում եմ, որ Ալիեւը չի ցանկանա վանել օտարերկրյա ներդրողներին եւ ստիպել Արեւմուտքին փնտրել այլընտրանքային մատակարարների»:
Այնուհետեւ Եկատերինա Կուդաշկինան հարցով դիմել է Սաբինա Ֆրեյզերին. «Ո՞րն է համաձայնության չգալու պատճատը»:
Սաբինա Ֆրեյզերը պատասխանել է. «Հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրել են 400 տարի: Սակայն մենք ունենք բաժանման 20 տարիներ, տեղահանվածներ, բռնազավթած տարածքներ, բացասական հռետորություն, իրար ատող մարդկանց: Տարիներ կպահանջվեն իրավիճակը փոխելու եւ միմյանց նկատմամբ վստահություն զգալու համար: Այդ պատճառով պարզ է, որ եթե նախագահը չասի բնակչությանը փոփոխությունների եւ համաձայնության գնալու անհրաժեշտության մասին, ապա շատ բարդ կլինի փոխզիջումների համար հասարակական աջակցություն ստանալ: Ես նույնպես անհանգստացած եմ, որ կա նոր պատերազմի հավանականություն: Եթե բանակցային գործընթացը ձախողվի, ապա մենք կհայտնվենք շատ խոցելի վճակում: Ես կարծում եմ, որ նախագահ Մեդվեդեւը նախորդ մի քանի տարիների ընթացքում շատ կարեւոր դեր էր խաղում: Ռուսաստանի նախընտրական փուլում նրա գործնական մասնակցությունը դրվում է հարցականի տակ: Սակայն նույն տրամադրվածությունն ունեն նաեւ ֆրանսիացիներն ու ամերիկացիները, որոնք նույնպես պատրաստվում են ընտրությունների: Այնպես որ, եթե առաջիկա ամիսներին մենք համաձայնության չգանք, ապա բանակցությունները կմղվեն հետին պլան: Ակտիվ բանակցային գործընթացի բացակայությունը երկու կողմերին էլ կխթանի ավելի շատ մտածել ռազմական հակամարտության մասին: Իհարկե, երկու կողմերն էլ ավելի շատ գումար են ծախսում ռազմական տեխնիկա գնելու համար եւ բնական է դառնում այդ տեխնիկան օգտագործելու ձգտումը: Ես անհանգստանում եմ, որ պատերազմը կարող է սկսվել պատահականորեն` ռազմաշունչ հռետորության, աճող միլիտարիզացիայի եւ զենքն օգտագործելու բնական ձգտման պատճառով: Եթե Ադրբեջանը սկսի պատերազմը` կվտանգվի նավթ ու գազ արտահանելու հնարավորությունը, սակայն նրանք հույս ունեն, որ կլինի արագ պատերազմ եւ իրենք կկարողանան մի քանի օրում վերցնել մեկ կամ երեք շրջաններ եւ այդ պատերազմն ուղղակի ազդեցություն չի ունենա խողովակաշարերի վրա: Բայց դա սխալ հաշվարկ է, քանի որ հայերը նույնպես պատրաստ են ձեռնարկել պատասխան քայլեր: Այնպես որ ես չեմ կարծում, թե դա կլինի կարճ պատերազմ: Դա կլիննի ինչ-ոչ բան, որը կտեւի երկար ամիսներ ու տարիներ: Դա կազդի Ադրբեջանի նավթի ու գազի արտահանման հնարավորությունների վրա»,- նշել է Ֆրեյզերը:




























