Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությանը սնանկություն չի սպառնում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ավիաընկերության  սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը։

Նա հայտնեց, որ ընկերության ֆինանսական դրությունը կայուն է։ Բաղդասարովը նշեց, որ «Արմավիան» վերջին ժամանակներս նոր ռազմավարություն է որդեգրել՝ վարկերի ավելացման հաշվին նոր, թանկարժեք օդանավեր գնել։ «Ներկայումս օդանավերի պահանջարկն աշխարհում զիջում է դրանց առաջարկին, այդ է պատճառը, որ օդանավերի գներն իջել են։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ «Արմավիան» գերադասում է նոր վարկերի հաշվին օդանավեր գնել, քան թե վարձակալել դրանք»,- նկատեց ձեռնարկատերը՝ ավելացնելով, որ ներկայումս ընկերության վարկերի ծավալը գերազանցում է 40 մլն դոլարը։

Նա նաեւ նշեց, որ ավիաընկերությունը բոլոր օդանավակայանների հետ նորմալ է աշխատում, իսկ դրանցից որոշները, մասնավորապես, «Դոմոդեդովոն» եւ «Վնուկովոն» իջեցրել են իրենց ծառայությունների գները։