NEWS.am-ի խմբագրություն զանգահարած բազմաթիվ քաղաքացիներ փաստում են, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում խոզի մսի գինը խանութներում եւ սուպերմարկետներում բարձրացել է շուրջ 300-400 դրամով, իսկ որոշ տեղերում վաճառվում է մինչեւ 3500 դրամով։

Փաստի ճշմարտացիությունը ստուգելու համար զրուցեցինք մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետների ներկայացուցիչների հետ, ովքեր, իսկապես, հաստատեցին այդ տեղեկությունները, նշելով, որ արդեն մի քանի օր է, իրենց ցանցերում խոզի միսը թանկացել է:

Ինչպես, օրինակ, տեղեկացրեց «Մոսկվիչկա» սուպերմարկետների աշխատակցուհին՝ նախկին 3320-ի փոխարեն խոզի 1 կգ միսն իրենց մոտ այժմ վաճառվում է 3520 դրամով։ «Պատճառը մեր ստացած մսի փոքր խմբաքանակն է»,- բացատրեց նա։

«Սթար» սուպերմարկետներից մեկում էլ ասացին, որ իրենց մոտ տեղական խոզի մսի 1 կգ-ն արժե 2490 դրամ՝ նախկին 2190 դրամի փոխարեն։

Հարցին, թե ո՞րն է գնի բարձրացման պատճառը, սուպերմարկետի ներկայացուցիչը նշեց, որ իր կարծիքով՝ պիկնիկների սեզոնի բացումը։ Նա միաժամանակ բացառեց, որ թանկացման պատճառը կարող է ստացվող մսի փոքր ծավալը լինել։

Իսկ ահա «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցից տեղեկացրեցին, որ վերջին երեք օրերին տեղական խոզի մսի գինը բարձրացել է շուրջ 150 դրամով։ Մսի բաժնի աշխատակիցն անձամբ տեղեկացրեց, որ «մատերն» իրենց մոտ արժեն կիլոգրամը 2900 դրամ, «փափուկը»՝ 2700 դրամ, իսկ ահա «չալաղաջը»՝ 3300 դրամ։ Մսագործի խոսքով, խոզի միսն իրենց մոտ թանկացել է, որովհետեւ իրենք էլ վերջին օրերին ապրանքը «թանկով են ստանում»։

Ինչ վերաբերում է խոզի ոչ տեղական, սառեցված մսին, ապա սուպերմարկետներից մի քանիսում  տեղեկացրեցին, որ այդ ապրանքատեսակն իրենց մոտ վաճառվում է ակցիայով՝ մեկ կգ-ն 1700-1900 դրամով։