Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Ինչպես հաղորդում է AZE.az-ը, նա հայտարարել է, որ ստատուս քվոյի պահպանումըներկայումս անընդունելի է: Էշթոնի խոսքով, խնդրի լուծումը դրական դեր կխաղա ողջ տարածաշրջանի համար եւ կբերի նրա տնտեսական կայունության: Բացի այդ, ԼՂ խնդրի լուծումը ռազմավարական կարեւորություն ունի ողջ ԵՄ-ի համար, ասել է նա:
Ուստի Քեթրին Էշթոնը կարծում է, որ կողմերին անհրաժեշտ է կրկնապատկել իրենց ջանքերը, որպեսզի մինչեւ այս տարվա վերջ համաձայնություն կայանա խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:
Իր ելույթում Էշթոնն անդրադարձել է նաեւ Կազանի հանդիպմանը, ափսոսանք հայտնելով, որ այդ բանակցություններում բեկում չարձանագրվեց: Սակայն, ըստ նրա, կողմերը պետք է շարունակեն խնդրի լուծման ելքերի որոնումը` բացառապես դիվանագիտական ճանապարհով: Էշթոնը հայտարարել է, որ պատրաստվում է այցելել Հայաստան ու Ադրբեջան:




























