Վրաստանի իշխանությունները ձգտում են ավելացնել վրացիների թիվը այլ ազգությունների հաշվին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանում չգրանցված «Վիրք» կուսակցության ղեկավար Դավիթ Ռստակյանը: Նրա խոսքով, ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայերի նկատմամբ վրացական քաղաքականությունը միտված է նրանց ձուլմանը:

«Ի՞նչ է Ջավախքը: Տեղ, ուր ի սկզբանե ապրել եւ ապրում են հայերը: Ջավախքում 130 հայկական դպրոց կա, եւս 3 դպրոց կա Թբիլիսիում: Տարածաշրջանի շատ բնակավայրերում բացառապես հայեր են բնակվում: Խոսում են հայերեն: Սակայն Վրաստանի նոր օրենսդրությամբ, երկրի դասավանդման լեզուն վրացերենն է: Դա նշանակում է, որ Ջավախքի բոլոր հայերը պետք է ուսուցումն անցնեն այդ լեզվով, քննություններ հանձնեն, ատեստացիա: Անցած տարի դպրոցների տնօրենների ատեստացիա իրականացվեց: Այդ ատեստացիան չանցավ հայկական դպրոցի եւ ոչ մի տնօրեն, քանի որ այն անցկացվում էր վրացերենով, համակարգչի օգնությամբ»,- նշեց նա:

«Ջավախք» ժողովրդավարական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանն, իր հերթին նկատել է, որ եթե Վրաստանում փաստացի կան հայկական դպրոցներ, դե-յուրե դրանք չկան: «Եթե դուք այսօր ուզում եք դատի տալ հայ ուսուցչին, բավարար է ասեք, որ աշխարհագրության դասին նա երեխաների հետ հայերեն էր խոսում: Վերջ, շնորհավորում եմ: Սա աղետ է»,- ասել է նա:

Խոսելով կրոնական միավորումներին իրավական կարգավիճակ տալու խորհրդարանի որոշման մասին` Ռստակյանը նշել է, թե դա պետք չէ բարի կամքի դրսեւորում դիտարկել: «Դա հետեւանք է երկրի իշխանությունների վրա կաթոլիկ եկեղեցու, նաեւ մահմեդական կրոնի ահռելի ճնշման: Վրաստանն այդ ճնշումն օգտագործեց, որ Հայ առաքելական եկեղեցուն էլ ասի «ահա, տեսեք, կարգավիճակ էիք ուզում, ստացաք…», մինչդեռ այդ արդյունքը պայմանավորված է այլ գործոններով»,- ասել է նա: