Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կբարելավի Հարավային Կովկասի տարածաշրջանը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Եվրոխորհրդարանում ունեցած ելույթում:
«Դա ուղի կհարթի քաղաքական եւ տարածաշրջանային կայունության եւ նոր տնտեսական հնարավորությունների համար: Սահմանները կբացվեն ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ»,- ասել է նա:
Էշթոնի խոսքով, այդ դեպքում ավտոճանապարհները, երկաթուղին եւ խողովակաշարերը կարող են ավելի կարճ երթուղի ունենալ եւ տարածաշրջանի երկրներն ավելի սերտ կապել իրար:
Էշթոնը հավելել է, թե Հարավային Կովկասը կարող է, ի վերջո, դառնալ այն, ինչ պետք է լիներ վաղուց` Եվրոպայի եւ Ասիայի դարպասը:




























