Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-ների միջեւ հերթական խորհրդատվություններն անցկացնելու նպատակով հուլիսի 4-5-ին Չինաստան է այցելել Հայաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանի գլխավորած պատվիրակությունը: Չինական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ եւ ՉԺՀ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման հետ կապված հարցեր: Մտքեր են փոխանակվել գիտության, մշակույթի, կրթության եւ այլ բնագավառներում նոր համատեղ ծրագրերի ու փոխանակումների իրականացման վերաբերյալ:
Հուլիսի 5-ին ՀՀ ԱԳ փոխնախարարին ընդունել է Չինաստանի ԱԳ նախարար Յան Ձիեչին: Երկուստեք շեշտվել է, որ 2012թ. նշվող երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարելիցին կողմերը լուրջ առաջխաղացում են արձանագրել քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար համագործակցության բնագավառներում: Այս առումով ՀՀ ԱԳ փոխնախարարը կարեւորել է 2012թ. ընթացքում բարձր մակարդակի փոխայցելություններ կազմակերպելու հարցը:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ փոխնախարարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաեւ ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Չուն Շանի, Արդի միջազգային հարաբերությունների ակադեմիայի փոխնախագահ Ցի Ջիեյի եւ Շանհայի փոխքաղաքապետ Շա Խայպինի հետ:




























