«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում իր անհանգությունն է հայտնել հայ եւ ադրբեջանցի գործընկերների աշխատանքի կապակցությամբ: Հայտարարության հեղինակների կարծիքով, երկու երկրների իշխանությունները սահմանափակում են ղարաբաղյան հակամարտությունը լուսաբանող լրագրողների աշխատանքը:
«Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին մամուլը թողնել դիվանագիտական բանավեճից դուրս: Լրագրողները պետք է ազատ լինեն իրենց աշխատանքի կատարման մեջ եւ ազատ տեղաշարժվեն` առանց որեւէ մեկի թույլտվության: Լրագրողների սեւ ցուցակների կազմումն անթույլատրելի է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը մեկ առ մեկ ներկայացնում է Ադրբեջանում վերջին շրջանում տեղի ուենցած դեպքերը «Իզվեստիա»-ի թղթակից Յուրի Սնեգիրեւի, «Էխո Մոսկվիի» փոխխմբագիր Սերգեյ Բունտմանի հետ, որոնց արգելել էին մուտք գործել Ադրբեջան` Լեռնային Ղարաբաղում լինելու համար, իսկ Bloomberg-ի ֆոտոթղթակից Դիանա Մարկոսյանի մուտքն արգելել էին` հայկական ծագման համար:
Ապրիլի 17-ին ձերբակալել եւ Բաքվից արտաքսել էին շվեդական հեռուստաընկերության աշխատակիցներին, մի քանի օր անց էլ New York Times-ի թղթակցին հայտնել էին, թե նա մուտքի արտոնագիր չի ստանա, քանի դեռ չի բացատրել, թե ինչու է քննադատական հոդվածներ գրում Ադրբեջանի մասին:
Հայաստանի մասին հայտարարության մեջ ասված է, որ արտաքսել են չորս հեռուստալրագրողների, նաեւ լիտվական «Կոմանդա» ալիքի մի լրագրողի: Հայկական մի շարք լրատվամիջոցներ պրոդյուսեր Անդրյուս Բրոկասին այն ժամանակ մեղադրեցին Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ, իսկ Հայաստանի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարեց, որ նրանց նպատակը եղել է «Հայաստանի վարկին վնաս հասցնելը»:
Սակայն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հարցմանն ի պատասխան ԱԳՆ ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանը մարտի 22-ին պատասխանել է, թե խմբին արտաքսել են «անվտանգության նկատառումներով»։




























