Հանքարդյունաբերության ոլորտը կարգավորելու համար պետք է փոխել տնտեսական մոտեցումները: Այս մասին այսօր` հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Էկոլուր» Հ/Կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Նրա խոսքով` հանքարդյունաբերության ոլորտում առաջացած թափոնները երկրորդական հանքավայր են, սակայն դրանց համար «ոչ ոք ոչինչ բյուջե չի վճարում»:
«Պետք է հարկերի վճարում նախատեսել աղտոտվածության համար: Եթե շարքից դուրս են գալիս գյուղատնտեսական նշանակության հողերը, անտառները, ջրերը, պետք է գնահատել, թե ինչ արժե այդ վնասը եւ պետք է ստիպել ընկերություններին այդ վնասը փոխհատուցել»,- ասաց Զառաֆյանը, հավելելով, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Ընդերքի մասին» օրենսգրքում որեւէ դրույթ չկա, որը կպարտավորեցնի հանքարդյունահանողին փոխհատուցել բնությանը հասցված վնասը:
Բնապահպանը ներկայացրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հրապարակած ցանկը, ըստ որի՝ Հայաստանում, պաշտոնական տվյալների համաձայն, կա 706 ոչ մետաղական հանքավայր, 30 մետաղական եւ բազմամետաղական հանքավայր, որից 22-ը շահագործման մեջ է, այդ թվում` 7 պղնձամոլիբդենային, 4` պղձային, 14` ոսկե հանքավայրեր եւ այլն:
«Մեր երկրում եղած հանքային հարստությունը մի քանի ընկերությունների ձեռքում է, այդ ցանկը դուք էլ կարող եք նայել»,- ասաց Զառաֆյանը` նշելով հանքերը շահագործող խոշոր ընկերությունների անունները` «Վալեքս գրուպ» եւ «ԳեոՊրոՄայնինգ»:




























