Աբովյանի եւ Հրազդանի հանքերի շահագործման դեպքում  Երեւանի խմելու ջրի 35 տոկոսը աղտոտված կլինի: Այս մասին այսօր` հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Էկոլուր»  Հ/Կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Նրա խոսքով` հանքարդյունաբերության վերաբերյալ մտավախություն են հայտնել տարբեր մասնագետներ: Մասնավորապես, երկրաբան Ռուբեն Յադոյանն իրենց ասել է, որ եթե Հրազդանի հանքը շահագործվի, ապա Երեւանում ջրի 35 տոկոսը կվտանգվի:

«Հրազդան քաղաքը ծածկվում է տարբեր վտանգավոր օբեյեկտներով, այնտեղ այժմ կառուցվում է ոսկու արդյունահանման ֆաբրիկան, որը կունենա պոչամբար, ինչը եւս վտանգավոր է»,- ասաց բնապահպանը` հայտնելով իր մտավախությունը, որ հանքերում  ոսկին լինում է խառնուրդով կամ թունավոր նյութերով, որոնք կմնան Հրազդանում:

Նա նշեց, որ բոլորն, ովքեր տեղեկանում են, թե ինչ եղանակով են մեզ մոտ հանքերը շահագործվում, զարմանում են, քանի որ բաց եղանակով հանքերի շահագործումը վատ ազդեցություն ունի հողի եւ ջրի վրա: