Հայաստանի Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամեն ինչ անում է` մաքսատներում մաքսազերծումը արագ կազմակերպելու համար: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից` արձագանքելով NEWS.am-ի միջոցով իրենց բողոքը հայտնած քաղաքացիներին: Վերջիններս բողոքում էին Բագրատաշենի մաքսատանը գործող մաքսազերծման ոչ օպերատիվ կարգից:
Ըստ քաղաքացիների, իրենք ստիպված են լինում ժամերով (ընդհուպ 12-20 ժամ) սպասել, մինչեւ իրենց ապրանքները մաքսազերծվեն: Նրանց խոսքով, մաքսատան համապատասխան աշխատակիցները թերանում են իրենց պարտականությունները կատարելիս` իրենց գործողությունները հիմնավորելով հետեւյալ կերպ, թե`«թող մի 20-30 ֆուռ հավաքվի, որ բիրիքով բոլորը միանգամից մաքսազերծենք»: Քաղաքացիները դժգոհում են նաեւ, որ մաքսատան աշխատակիցների ոչ օպերատիվ աշխատանքի հետեւանքով իրենց ներկրած որոշ ապրանքատեսակներ (արագ փչացող) շոգ եղանակի պատճառով դառնում են ոչ պիտանի: Ուստի, նրանց խոսքով, շատերը ստիպված են լինում իրենց ապրանքների մաքսազերումն արագ կազմակերպելու համար գումար վճարել մաքսատան աշխատակիցներին:
«Նկարագրված իրավիճակը առհասարակ իրականության հետ առնչություն չունի: Հայաստանի մաքսակետերում, հատկապես Բագրատաշենում, ներկայումս շատ խիստ վերահսկողություն է իրականացվում, որպեսզի սպասարկումն իրականացվի որակով եւ բնականաբար կարճ ժամանակահատվածում»,-հայտնեցին ՊԵԿ լրատվականից` հավելելով, որ Բագրատաշենի մաքսատան տարածքը մեծ չէ այնքան, որ այդտեղ միանգամից 20-30 բեռնատար տեղավորվի: Ի դեպ, թե տեսականորեն որքա՞ն է տեւում մեկ բեռնատարի մաքսազերծումը` ՊԵԿ-ում չնշեցին` խոստանալով ճշտել ու հայտնել:
Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը մոտ երկու ամիս առաջ հաստատել է հարկային եւ մաքսային համակարգերի 2011–2013 թթ. բարեփոխումների ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է կարեւոր նորամուծություն իրականացնել մաքսային համակարգում` սահմանել հստակ ժամկետներ, որոնց ընթացքում պետք է տեղի ունենա մաքսազերծումը: Ծրագիրը նախատեսում է նաեւ հարկային եւ մաքսային ոլորտներում հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրում:




























