Մոսկվան ԼՂ խնդրում ունի առանձնակի շահագրռվածություն եւ հույս ունի հասնել կողմերի միջեւ միջանկյալ որեւէ փաստաթղթի ստորագրման: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 8-ին հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` ամփոփելով Կազանյան եռակողմ հանդիպումը: Նա նշեց, որ Մոսկվան ամեն ինչ կանի, որ իր այդ առաքելությունը դրական ավարտ ունենա:
«Ադրբեջանցիներն այս փուլում փորձելու են ավելի կոշտացնելով իրենց դիրքորոշումը` ձգձգել խնդրի կարգավորումը, հույս ունենալով, որ եթե Մոսկվայի ծրագրերը չպսակվեն հաջողությամբ, ապա ԱՄՆ-ի միջնորդությամբ կփորձեն հասնել եթե ոչ հիմնարար սկզբունքների փոփոխության, ապա գոնե ինչ-որ բաներ կորզելուն»,-նշեց քաղաքագետ:
Նա հիշեցրեց ամերիկյան փորձագետների` վերջերս շրջանառվող դիրքորոշումը, թե ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները չաշխատող են, եւ պետք է ավելի կոնստրուկտիվ լուծման անցնել, ճանապարհային քարտեզ մշակել: «Ադրբեջանցիները հույս ունեն, որ այսպիսի ճնշումներով, շանտաժներով կարող են հասնել մի վիճակի, երբ իրենց կառաջարկվի ճանապարհային քարտեզ, որտեղ անորոշ ձեւակերպված կլինի ԼՂ-ում հանրաքվեի անցկացման դրույթը, եւ առարկայական կլինեն Հայաստանի կողմից արվող զիջումները»,-հավելեց փորձագետը:
Նա միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանը ԼՂ հարցում զիջումներ անելու տարբերակ չունի, քանի որ հասել է մի վիճակի, երբ որեւէ զիջում անելը վտանգի տակ կդնի ԼՂ անվտանգությունը: «Գնդակը գտնվում է ադրբեջանցիների դաշտում, նրանք պետք է որոշեն` պատրա՞ստ են արդյոք ստորագրել խնդրի կարգավորման առկա սկզբունքների տակ, թե՞ ոչ»,-նշեց Բոզոյանը` հավելելով, որ պաշտոնական Երեւանը չի գնա այնպիսի լուծման, որը կարող է վտանգել ԼՂ անվտանգությունը:




























