Քաղաքական բոլոր ուժերն այժմ դադար են վերցրել եւ պատրաստում են նախընտրական պայքարին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 8-ին հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ քաղաքական ամառ է սպասվում Հայաստանին:
«Հաշվի առնելով այս շոգ ամառը՝ Հայաստանի քաղաքական դաշտում հայտարարված է ռեկլամային պաուզա: Այդ պաուզան տարբեր ուժեր տարբեր կերպ են ձեւակերպում, բայց դե ֆակտո բոլորն էլ պատրաստվում են սեպտեմբերից անցնել նախընտրական պայքարի»,-հայտարարեց Բոզոյանը: Նրա խոսքով` բոլոր քաղաքական ուժերն էլ հասկանում են, որ Հայաստանում լինելու են հերթական ընտրություններ:
«Այլ խնդիր է, որ տակտիկական տեսակետից ՀԱԿ-ը միշտ հայտարարելու է, որ ինքը պայքարելու է արտահերթ ընտրությունների համար»,-նկատեց բանախոսը: Ըստ նրա` արտահերթ ընտրությունների պահանջ առաջադրելը ՀԱԿ-ի համար կարեւոր է` գաղափարական իմաստով, քանի որ վերջինս չի ընդունում 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները: Ինչ վերաբերում է առաջիկայում հնարավոր քաղաքական վերադասավորումներին, ապա, ըստ բանախոսի, ներկա պահին որեւէ լուրջ բան չի նշմարվում: «Բայց ես չեմ բացառում, որ սեպտեմբեր-հոկտեմբերին այնպիսի վերադասավորում առաջանա քաղաքական դաշտում, որը թեեւ չի կարող էական ազդեցություն ունենալ, բայց տեղաշարժեր կարող է անել քաղաքական դաշտում»,-նշեց Բոզոյանը:




























