Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը հուլիսի 8-ին ընդունել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակությանը։

Հայաստանի վարչապետի աշխատանքային ծրագրում նախատեսված է նրա  մասնակցությունը տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստում, որն այսօր կկայանա Դոնի Ռստովում։

Նահանգապետի աշխատակազմի մամուլի ծառայության տվյալներով՝ նիստի օրակարգը ներառում է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի, տարածաշրջանային համագործակցության ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Արարատի մարզի եւ Ռուսաստանի Ռոստովի մարզի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել։