ԼՂ խնդրի կարգավորման հարցում միջնորդ երկրները թեեւ արտաքուստ համաձայնեցված դիրքորորշում ունեն, սակայն չեն կարող այն պարտադրել հակամարտության կողմերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 8-ին հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Խնդիրն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները տարբեր կերպ են պատկերացնում խնդրի կարգավորումը: Հայկական կողմը երբեք չի պատկերացնում, որ երբեւէ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը չի պատկերացնում, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմից դուրս»,-նկատեց քաղաքագետը: Նա նաեւ նշեց, որ խնդրի կարգավորման հարցում կարող են լինել տարբեր ճնշումներ տարբեր երկրների կողմից, սակայն կա ճնշումների որոշակի սահման, որն անցնելու դեպքում այդ ճնշումներն այլեւս չեն կարող աշխատել:
«Խնդիրն այլ հարցում է. կա՞ արդյոք կոնսոլիդացված տեսակետ, որ պետք է պարտադրել այն խաղաղությունը, որը պատկերացնում են միջնորդները: Այդպիսի կոնսոլիդացված կենտրոն, ինչպիսին կար Բալկաններում, այս պահին գոյություն չունի: Եւ քանի որ չկա այդ կենտրոնը, ապա ընդհանուր հայտարարի գալը բավական դժվար կլինի»,-նկատեց քաղաքագետը:




























