Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հուլիսի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալայզիայի նորանշանակ դեսպան Զայնոլ Աբիդին Բին Օմարը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Հարավ-արեւելյան Ասիայի երկրներում հեղինակություն վայելող եւ այդ տարածաշրջանում խաղաղության, վստահության, անվտանգության մթնոլորտ ստեղծելու գործում կարեւոր դերակատարություն ունեցող Մալայզիայի հետ խորացնելու քաղաքական երկխոսությունը, զարգացնելու տնտեսական եւ մշակութային հարաբերությունները:
Դեսպան Զայնոլ Աբիդին Բին Օմարն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը ձգտում է աշխարհի բոլոր պետությունների հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ եւ հետաքրքրված է նաեւ Հայաստանի հետ կապերի խորացմամբ: Դեսպանը վստահություն է հայտնել, որ հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության զգալի ներուժ կա եւ հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը` այդ ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները միջազգային կազմակերպությունների շրջանակում եւս երկխոսությունն ակտիվացնելու փոխադարձ հետաքրքրություն ունեն, որի ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել:




























