Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 8-ին հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի շրջանակներում այցելել է Դոնի Ռոստովի «Ռոստսելմաշ» կոմբայնների գործարան:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը Ռոստովի փոխնահանգապետ, գյուղնախարար Վլադիմիր Չերկեզովի եւ «Ռոստսելմաշե-ի գլխավոր տնօրեն Վալերի Մալցեւի ուղեկցությամբ եղել է լազերային եւ կոմբայնների հավաքման արտադրամասերում, ծանոթացել աշխատանքային գործընթացներին, արտադրական հզորություններին:

«Ռոստսելմաշ»-ի ղեկավարության հետ արդեն առկա է նախնական համաձայնություն` լիզինգային տարբերակով` ցածր` տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով եւ 7 տարի ժամկետով տեխնիկայի ձեռքբերման համար: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում «Ռոստսելմաշ»-ը հայկական կողմին կներկայացնի տեխնիկայի առաքման վերջնական սակագներն ու պայմանները:

«Ռոստսելմաշ»-ը ներկայում արտադրում է 20 տեսակի գյուղտեխնիկա, ունի 11 հազար աշխատող: Ձեռնարկության արտադրանքն արտահանվում է 26 երկիր: Վերջին 25 տարիների ընթացքում ռուսական ընկերությունը Հայաստան է առաքել 974 կոմբայն: Այս ձեռնարկությունը հանդիսանում է գյուղտեխնիկա արտադրող աշխարհի 5 հզոր ձեռնարկություններից մեկը: Այն ունի մասնաճյուղեր ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Ուկրաինայում եւ Ղազախստանում:

Նշենք, որ նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ: Տիգրան Սարգսյանն այնուհետեւ կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Հաջորդիվ նախատեսվում է Տիգրան Սարգսյանի եւ Իգոր Լեւիտինի համատեղ մամուլի ասուլիսը: