Երեւանում հունիսին 18 մեքենա է տարվել տուգանային հրապարակ` նրանց վրա տեղադրված գերհզոր ազդանշանների պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Արսեն Մարդոյանը: Ըստ նրա` նշված դեպքերի համար կազմվել են արձանագրություններ, ընդ որում` նման խախտումների համար նախատեսվում է 100 հազար դրամ տուգանք` սարքի առգրավմամբ: Մայիսին տուգանվել է 17 վարորդ:
Նրա խոսքով` հետեւողական աշխատանքներ են տարվում մեքենաների վրա լրացուցիչ, համապատասխան մարմինների կողմից չթույլատրված լուսային սարքերի տեղադրման դեմ:
«Նման խախտումների նկատմամբ մուտեցումը խիստ է, ներողամտություն չի ցուցաբերվում», -հայտարարեց Արսեն Մարդոյանը:
Հունիսին Երեւանում ճանապարհային երթեւեկության կանոնների տարբեր խախատումների վերաբերյալ 18 035 արձանագրություն է կազմվել, մայիսին` 17 323, ապրիլին` 12 724: Ճանապարհային ոստիկանությունում աճի դինամիկան բացատրում են երթեւեկության ինտենսիվությամբ:
Մայիսին 5285 վարորդի տուգանել են միայն ամրագոտիները չկապելու համար, հունիսին այդպիսի խախտումների թիվը կազմել է 5435: Չնախատեսված վայրերից փողոցը հատելու համար հունիսին տուգանվել է 697 հետիոտն, մայիսին` 596: Եւս մի քանի հազարը զգուշացվել են:
«Մեր խնդիրը տուգանելը չէ: Մարդիկ տարիներ շարունակ սովորել են փողոցը հատել որտեղից պատահի, ուստի միայն տուգանքով կամ նկատողությամբ հարցը չի հաջողվի լուծել», -նշեց Ա. Մարդոյանը: Միաժամանակ` նա նկատեց, որ որոշակի առաջընթաց կա: Նա չհամաձայնեց այն դիտարկմանը, թե վարորդները ճանապարհը չեն զիջում հետիոտնին` նախատեսված վայրերով կանաչ լույսի տակով անցնելիս, նշելով, որ ավելի քան 90%-ը զիջում է: Միաժամանակ` հունիսին 29 վարորդ է տուգանվել վերոնշյալ խախտման համար, մայիսին ` 27 վարորդ: Տուգանքի չափը կազմում է 20 հազար դրամ:




























