Անորակ սնունդը եւ էկոլոգիական վիճակը կարող են նպաստել Հայաստանում տղամարդկանց մոտ անպտղության առաջացմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց սեքսապաթոլոգ Գեղամ Վարդանյանը՝ նշելով, որ սնունդի հետեւանքով տարածվող անպտղությունը կամ տղամարդկանց սեռական կյանքին անկարողությունը ամբողջ աշխարհում տարածվող երեւույթ է: «Սնունդի հետ կապված խնդիրը միայն Հայաստանում չէ, այն համաշխարհային բնույթ է կրում: Սակայն Հայաստանում չկա պատշաճ վերահսկողություն սննդի որակի նկատմամբ եւ հաճախ դրանցում պարունակվող հավելանյութերը ազդում են տղամարդու սեռական առողջության վրա»,-նշեց մասնագետը` հավելելով, որ վատորակ սնունդն ազդում է տղամարդու սերմի որակական հատկանիշների վրա:
Բժիշկ-սեքսապաթոլոգը դժվարացավ Հայաստանում տղամարդկանց շրջանում անպտղության վերաբերյալ վիճակագրություն ներկայացնել՝ նշելով, որ խնդիրը խորը ուսումնասիրության կարիք ունի եւ հարկավոր է լուրջ եւ համապարփակ հետազոտություն իրականացնել այդ ուղղությամբ:
Վարդանյանը նշեց նաեւ, որ վերջին տարիներին սեռական կյանքի վերաբերյալ պատկերացումները համեմատաբար ավելի են ազատականացել, եւ այժմ սեռական կյանքով ապրող դեռահասները, սեռական պաշտպանվածության ու հիգիենայի մասին քիչ գիտելիքների պատճառով, սեռակավարակներով վարակվելու վտանգի առջեւ են կանգնած:
«Առողջությունը բնությունից տրված ամենաթանկ պարգեւն է: Իսկ մենք մինչեւ 20 տարեկանն ամեն ինչ անում ենք, որ փչացնենք այն, իսկ հետո փորձում վերականգնել: Մինչդեռ, ի սկզբանե պետք է մտածել ամենաթանկ կապիտալը չփչացնելու մասին»,-խորհուրդ տվեց մասնագետը:




























