Դաղստանի Մագարանկենտյան շրջանի Սովետսկոյե գյուղում հուլիսի 9-ին սպանվել է տեղի դպրոցի տնօրեն Սադիկուլլախա Ահմեդովը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով տեղի իրավապահ մարմիններին, չարգործները ներխուժել են այն տունը, որտեղ բանկվել է ուսուցիչն ու կրակ են բացել նրա վրա անհայտ տիպի զենքից: Հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի հատկանիշներով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի սկզբին Մախաչկալայում սպանվել էր Աստվածաբանության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ռեկտոր Մաքսուդ Սադիկովը եւ նրա զարմիկը: Անհայտ անձը կրակ էր բացել, երբ ռեկտորը մեքենայով մոտենում էր իր տանը:
Հարուցվել էր քրեական գործ: Սպանության հիմնական վարկածը կապվում է ռեկտորի մասնագիտական գործունեության հետ:
Սադիկովի ղեկավարած ուսումնական հաստատությունը միավորում է աշխարհիկ եւ կրոնական կրթությունը:
Որպես սպանության հիմնական վարկած դիտարկվում է կրոնական ծայրահեղականների վրեժխնդրությունը Սադիկովի մի բանաստեղծության համար, որը հասցեգրված էր մահմեդականներին` Բեսլանի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պղծման առնչությամբ: Տեղի մահմեդականները բանաստեղծության մեջ վիրավորանք էին նկատել իրենց կրոնի հանդեպ:




























