Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ընդունել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Բիլգե Ջանկորելային, ով ավարտում է իր առաքելությունը:
Նշենք, որ Բաքվում հունիսի 14-ին Ջանկորելիայի առաքելության ավարտի առթիվ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարեց, թե ժողովների ազատությունն այն ոլորտն է, որտեղ ԵԱՀԿ-ի եւ Ադրբեջանի համագործակցությունը դեռեւս ցանկալի արդյունքը չի տվել: «Գործադիր մարմինը բավարար հանդուրժողական չէ հավաքների ազատության վերաբերյալ օրենք ընդունելու հարցում»,-նրբանկատորեն հայտարարել էր Ջանկորելը:
Հարցերի մյուս խումբը, որոնք հաուցել են ԵԱՀԿ-ի անհանգստությունը, վերաբերում են ընտրություններին: Ջանկորելը մատնանշել է ընտրական հանձնաժողովների ձեւավորման, թեկնածուների գրանցման, բողոքների քնարկման հետ կապված մի շարք խնդիրներ:
ԵԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում հայտնված երրորդ թեման Ադրբեջանում բազմակարծության եւ մամուլի ազատության խնդիրն է: Շուտափույթ լուծում պահանջող այլ հարցերի թվում ԵԱՀԿ ներկայացուցիչը նշել է Մրցակցության վերաբերյալ օրենսգրքի ընդունումը, որը կբացառեր պետական պաշտոնյաների կողմից սեփական գործարար շահերի սպասարկումը եւ այլն: Ջանկորելը ցավով նշել է նաեւ, որ ԵԱՀԿ-ի աջակցությամբ երկու տարի առաջ մշակված օրենքը` կալանավորների եւ մեղադրյալնեի իրավունքների վերաբերյալ, դեռեւս չի ընդունվել խորհրդարանի կողմից: ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակը միաժամանակ անհանգստացած է նաեւ Ադրբեջանում գործող արտասահմանյան ՀԿ-ների գործունեության սահմանափակաման առթիվ:
Դրական տեղաշարժերի շարքում Ջանկորելը նշել է ԵԱՀԿ-ի աջակցությամբ ընդունված օրենքը` կենցաղային բռնության դեմ պայքարի վերաբերյալ, ինչից հետո ոստիկանության բաժանմունքներում նշված ուղղությամբ կատարվում են համապատասխան գործողություններ: Ջանկորելը հույս է հայտնել, որ զրպարտության վերաբերյալ օրենքն արդեն աշնանը կընդունվի, որով կապաքրեականացվի զրպարտությունը:




























