Իսկական սպան պետք է ենթակաների համար լինի ուսուցիչ եւ առաջնորդ, առջեւում լինի եւ արեւի, եւ անձրեւի տակ, լինի պահանջկոտ, բայց միաժամանակ աջակցի ենթականերին: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հուլիսի 9-ին ՀՀ զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովի ժամանակ:
Անդրադառնալով այն անձնական հատկանիշներին, որով պետք է օժտված լինի սպան, նախարարը նշեց, որ եթե ուսուցիչը պատասխանատու է կոնկրետ աշակերտների կրթության, հիվանդը` կոնկրետ մարդկանց առողջության համար, ապա բանակը, եւ, առաջին հերթին, սպաները, պատասխանտու են ողջ ազգի համար:
«Սա հսկայական պատասխանատվություն է ձեզնից յուրաքանչյուրի ուսերին», -հիշեցրեց նախարարը: Ս. Օհանյանը նաեւ կարեւորեց հայկական բանակի մարտունակության բարձրացման եւ զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը եւ ժամանակակից պահանջներին համապատասխանության անհրաժեշտությունը: Մասնավորապես նա նշեց պաշտպանական ռազմավարության վերանայման, նույթատեխնիկական բազայի համալրման, կադրերի պատրաստման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքները:
Կարեւոր նշանակություն ունի նաեւ պայմանագրով ծառայող սերժանտների ինստիտուտի ներդրումը: Կրկին ընդգծելով սպայի անձնական օրինակի կարեւորությունը` Ս. Օհանյանը հիշեցրեց, որ համապատասխան օրինակ ցուցաբերվել է Արցախյան ազատամարտի տարիներին:
Նրա խոսքով` սպա-զինվոր ճիշտ հարաբերությունները հաջողության երաշխիք են: «Արժանի եղեք ժողովրդի վստահությանը», -եզրափակեց Ս. Օհանյանը:




























