Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` հուլիսի 9-ի առավոտյան այցելել է Դոնի Ռոստովի հայկական նորակառույց Սուրբ Հարություն եկեղեցի, որտեղ մատուցվել է սուրբ պատարագ: Հայկական եկեղեցու կառուցման աշխատանքներն ավարտվել են այս տարվա մայիսին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ Տիգրան Սարգսյանն այցելել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը կառավարության ղեկավարին ներկայացրել է հյուպատոսության գործունեությունը: Հյուպատոսության շենքում գործում է նաեւ հայկական մշակութային կենտրոն, որտեղ հայ համայնքը հնարավորություն է ունենում պարբերաբար կազմակերպել մշակութային միջոցառումներ:

Երեւան ժամանելուց առաջ ՀՀ վարչապետը հանդիպել է Ռոստովի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակը, ծրագրերը եւ կառավարման մոդելը:

Կառավարության ղեկավարը պատասխանել է մեր հայրենակիցների հարցերին, որոնք վերաբերում էին տրանսպորտային հաղորդակցության խնդիրներին, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին, Հայաստան-Սփյուռք կապերին եւ այլն: