Պաշտոնական Բաքուն «ուշադիր կուսումնասիրի» Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկները, որոնք հուլիսի 8-ին Հայաստանին ու Ադրբեջանին է հանձնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին այսօր` հուլիսի 9-ին Բաքվում լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«Մանրազնին ծանոթանալուց հետո մենք կտանք մեր պատասխանը»,- ասել է նա: Մամեդյարովի խոսքով, «համանախագահող երկրներն արդեն հասկանում են, որ տարածաշրջանում ստեղծված ստատուս քվոն անընդունելի է»:

Ադրբեջանի ԱԳ նախարարը կոչ է արել Երեւանին «ԼՂ խնդրի կարգավորման հարցում չզբաղվել PR-ով, այլ լրջորեն զբաղվել այդ խնդրի լուծմամբ»:
«Ներկայումս հակամարտության կողմերն աշխատում են փաստաթղթի վրա, որը հիմնված է Մադրիդյան նորացված սկզբունքների վրա, իսկ Հայաստանը պետք է հասկանա, որ այդ աշխատանքը պետք է շարունակել առանց էմոցիաների: Առաջին հերթին, Երեւանը պետք է մոտակա ժամանակերս դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից, ինչը տարածաշրջանում կայունության կբերի եւ դա ձեռնտու է նաեւ Հայաստանին»,- ասել է Մամեդյարովը:

Հուլիսի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին է հանձնել ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունները, որոնք քննարկվել են վերջին ժամանակներս երեք նախագահների ձեւաչափով եւ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: