Արցախի ազատագրված տարածքների բնակեցումն ամենակարեւոր խնդիրներից է եւ պետք է առաջնային տեղ գրավի իշխանություննրի գործողությունների մեջ։ Հուլիսի 9-ին այս մասին հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը։
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության հարցը տարիներ շարունակ եղել է Հայաստանի բոլոր անհաջողությունների սկզբնաղբյուրը։
«Արցախի մասին դատողություններ անելիս մեզնից յուրաքանչյուրը պետք է հիշի, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, եւ գիտակցի, որ կորցնելով Արցախը՝ կորցնելու ենք Հայաստանը։ Սա պետք է համոզմունք լինի յուրաքանչյուրիս համար»,- նկատեց Շիրխանյանը։
ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամի համոզմամբ, պետությունը, փոխարենը ավելացնելու ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկների արտոնությունները (անվճար բուժօգնություն, կենցաղային վճարումներից ազատում, նրանց երեխաների անվճար կրթության ապահովում եւ այլն) շարունակում է հոգածության դաշտից նրանց դուրս դուրս թողնելու քաղաքականությունը։ «Ես դիմում եմ ազատամարտիկ Սերժ Սարգսյանին, խնդրելով, որպեսզի նա իր վրա վերցնի ազատամարտիկների խնդիրների առաջնահերթ լուծումը։ Դա մեծ դժվարություն չէ»,- հայտարարեց Շիրխանյանը։




























